Առաջարկվում է վաղ կենսաթոշակի սխեմա, որը կիրառվել է շատ երկրներում, այն ընդունված միջոց է անցումային շրջանների համար: Հիմա սպասում ենք կառուցողական առաջարկների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով ՍԴ-ին վերաբերող նախագծի մասին, որի համաձայն ինքնակամ հեռացող դատավորների համար հատուկ թոշակ է սահմանվելու:
Ինչ վերաբերում է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի նկատառմանը, որ ինքը չի պատրաստվում անաշխատ եկամուտ ստանալ, Բադասյանն ասել է, որ ՍԴ դատավորը ցանկացած պարագայում կենսաթոշակ ստանում է. «Մենք առաջարկում ենք հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկանի հարցը կարգավորել: Բնականաբար դատավորը թոշակի գնալուց որոշակի վարձատրություն է ստանում պետության կողմից»:
Բադասյանը համաձայն չէ, որ այս նախագծով քաղաքական որոշմամբ փորձ է արվում ազատվել ՍԴ դատավորներից և որ առաջարկվող գումարը կաշառք է. «Նպատակը 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով սահմանված մոդելի Սահմանադրական դատարան ունենալն է»: