Ազգային ժողովում սկսվել է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը։ Մինչ այդ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ժամը 12:30-ից մինչև 13:30-ը ԱԺ-ում կանցկացվի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկություն։
Նա հիշեցրեց, որ գրանցված թեկնածուները երկուսն են՝ Հրանտ Բագրատյան և Գալուստ Սահակյան։
ՀՀԿ պատգամավորը նաև ներկայացրեց ընտրության կարգը, ըստ որի՝ քվեաթերթիկում երկու անուն է, և պատգամավորները պետք է ուղղակի գիծ քաշեն այն թեկնածուի անվան վրա, որին կողմ չեն։
«Կողմ և դեմ չկա, երկու անուն է, որին կողմ եք, մյուսի վրա գիծ եք քաշում»,-բացատրեց նա։
Հիշեցնենք, որ «Հանրապետական» խմբակցությունը երեկ արտահերթ նիստ անցկացրեց՝ փոփոխելով ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը, քանի որ բոլոր մյուս հինգ խմբակցությունները՝ «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ինչպես նաև «Օրինաց երկիր»-ը հրաժարվել էին ԱԺ նախագահի փակ ընտրություններին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։