ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրավերով ապրիլի 21-25-ը այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Չժաո Շաոխուայի և նրա գլխավորված պատվիրակության անդամների, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնի վարիչի տեղակալ պարոն Չժոու Լիի, ինչպես նաև Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Լի Բաոդունի հետ:
Այցի ընթացքում խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Չինաստանի հարավում գտնվող Ցզիանսու մարզ, որտեղ հանդիպել է Նանկինի փոխքաղաքապետ տիկին Խուա Ցզինի և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամների, ինչպես նաև Ցզիանսու մարզի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի փոխնախագահ պարոն Գուն Պիսիանի և նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ:
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ելույթով հանդես է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովում` անդրադառնալով հայ-չինական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության, միջռեգիոնալ գործակցության և հումանիտար ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ: Ապրիլի 24-ին պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել և հիշատակի տուրք մատուցել Նանկին քաղաքի հուշահամալիրում: