Քաղաքական 

Սևանա լճից հավելյալ 70 մլն խմ ջուր բաց կթողնվի

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ քվեարկությամբ, բայց այն տարբերությամբ, որ Սևանցի բաց կթողնվի հավելյալ 70 մլն խմ ջուր ոչ թե 5 տարի շարունակ, այլ մեկ տարով։

Նշենք, որ նախագիծը ԱԺ հաստատմանն է ներկայացրել կառավարությունը՝ առաջարկելով Սևանա լճից ջրաբացթողումները, բացի տարեկան սահմնաված 170 մլն խմ ջրից՝ հավելյալ հինգ տարի կտրվածքով բաց թողնել ևս տարեկան 70 մլն խմ ջուր, քանի որ Արարատյան դաշտում ոռոգման ջրի խնդիր կա։ 

Մինչ քվեարկությունը ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ Կառավարությունը, հաշվի առնելով հասարակական կարծիքը, մոտեցումները, առաջարկում է օրենքի գործողությունն այս պահին սահմանափակել՝ տեղավորել մեկ տարվա ժամկետում, իսկ առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն:

Վարման կարգով ձայն խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ ԲՀԿ-ն առաջարկել էր հինգ տարին սահմանափակել մեկ տարով և քանի որ առաջարկը հաշվի է առնվել, ուստի իրենք կողմ կքվերակեն։

«Առնվազն հասկանալի չէր, թե ինչպես է հնարավոր հինգ տարվա կտրվածքով կանխատեսում անել, չեմ կարծում, որ Նոստրադամուսն անգամ նման կանխատեսում կարող էր անել, սա մենք համարում ենք իրավիճակային ելք, որովհետև տասնյակ գյուղերի բնակիչներ դիմել են ԲՀԿ-ին՝ ասելով, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով զրկված են հողերը ոռոգելու հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն քվեարկում է կողմ՝ հասկանալով, որ խնդիրը պիտի գլոբալ և լրջագույն լուծում ստանա։ Նաև առաջարկում ենք «Սևանի մասին» օրենքի համաձայն՝ Հիդրոմետին, որն անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնել մշտադիտարկման արդյունքները՝ բալանսի հետ կապված»,- նշեց նա։

Նույն շարքից