Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկաններն այցելում են բակեր /տեսանյութ/

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները հուլիսի 30-ից պարբերաբար բակերում կազմակերպում են իրավախախտումների նախականխման, կանխման, ինչպես և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումներ:

Բակային հանդիպումների նպատակն է մասնավորապես բնակարանային գողությունների, անասնագողությունների նախականխման, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, կամովին հանձման, անտառային հրդեհների կանխարգելման աշխատանքները դարձնել առավել արդյունավետ` գործընթացին ներգրավելով նաև բնակչությանը:

Զրույց-հանդիպումների ընթացքում բնակիչներին կոչ արվեց տնից երկարատև բացակայելու դեպքում իրազեկել համայնքային ոստիկաններին` բնակարանների պահպանությունը կազմակերպելու համար:

Քաղաքացիներին տրամադրվեցին տարածքը սպասարկող ոստիկանների այցեքարտերը, խոսվեց տարատեսակ իրավախախտումներից, պարզաբանվեցին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու, ինչպես և շրջակա միջավայրն աղտոտելու հետևանքների մասին:

Բնակիչների հարցերը ստացան սպառիչ պատասխաններ, որոշ խնդիրներ էլ լուծվեցին տեղում:

Նույն շարքից