Հասարակություն 

Պատմության դասագրքերի հեղինակը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Հայոց պատմության դասագիրքն իր կարգադրությամբ դեռ չի տպագրվել, քանի որ համապատասխան հանձնաժողովը դեռ չի եկել եզրակացության: Տարաձայնություններ կան Մարտի 1-ի, ընտրությունների քաղաքական գնահատականների մասով: Պարզելու համար, թե անհամաձայնությունների տեղիք տված հարցերը ինչո՞ւ առայսօր չեն հարթվել կամ ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը դասագրքի հեղինակները,  Analitik.am-ը զրուցեց  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն պատմության դասագրքերի հեղինակ Աշոտ Մելքոնյանի հետ:

«Մենք՝ միջին դպրոցի դասագրքի հեղինակներս, հաշվի ենք առել հանձնաժողովի՝ նախկին դասագրքի կապակցությամբ արված բոլոր դիտողությունները, փոփոխություններ ենք կատարել, այդ թվում նաև անդրադրձել ենք Մարտի 1-ի իրադարձություններին  և մոտ 10 օր առաջ ներկայացրել ենք «Զանգակ» հրատարակչությանը»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ մարդիկ կարող են նայել, տեսնել, թե ինչը չի բավարարում իրենց. «Ես չգիտեմ, երևի նախարարությունը ոչ էլ ստացել է այդ տեքստը, որը մենք խմբագրել և ուղարկել ենք: Համենայնդեպս, այն տարբերակը, որ մենք էինք ընտրել Մարտի 1-ի դեպքերի շարադրանքի համար, այսօրվա պայմաններում թերևս ամենաընդունելին է»:

Պատմաբանը համոզված է. «Որպես պատմություն՝ վերջին տարիների իրադարձություններին վերջնական գնահատական տալը դժվար է, բայց մյուս կողմից էլ, դասագրքում պոզիտիվ շարադրանքի պայմաններում, հնարավորինս գնահատականներ տալու խնդրից զերծ մնալով, հնարավոր է ներկայացնել և՛ Հոկտեմբերի 27-ի դեպքերը, և՛ Մարտի 1-ի»:

Մեր այն դիտարկմանը, թե պատմության վերջին 20-25 տարվա իրադարձությունները դասագրքից դուրս թողնելը արդյո՞ք չի նշանակում, որ Արցախյան հերոսական ազատամարտն ու այլ ձեռքբերումներ նույնպես դուրս կմնան դպրոցական ուսումնասիրության շրջանակից, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ նախարարի ասածն ավելի շատ վերաբերում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ ընտրությունների անցկացմանը, կեղծիքներ թույլ տալուն և այլն, այլ ոչ թե ընդհանրապես վերջին շրջանի պատմության հարցերին: Ես այդպես եմ ընկալում և չեմ կարծում, որ դա վերաբերի վերջին շրջանի ամբողջական պատմությանը, առավել ևս արցախյան պատերազմին, որտեղ մենք տարածք ենք ազատագրել, հաղթանակ ենք տարել: Հնարավոր չէ, որ դա չմատուցվի սերունդներին»:

Հիշեցնենք, որ ԿԳՍՄ նախարարն այսօր նաև ասել էր. «Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք օրինակ իրենց պատմության վերջին 20-25 տարիների դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ»։

Նախարարը չէր բացառել, որ այդ փորձը կարող է կիրառվել նաև Հայաստանում։

 

Նույն շարքից