Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ նշում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորել ջերմ գործընկերային կապեր: Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հնդկաստանի հետ բազմաշերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք դարավոր բարեկամության կնիքը կրող հայ-հնդկական փոխգործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` բարօրություն և խաղաղություն»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում: