ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հանրապետական» խմբակցության և համանուն կուսակցության կողմից առաջադրվեց խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը:
Հովհաննես Սահակյանը ներկայացրեց իր կենսագրությունն ու ծրագրերը, իսկ մինչ այդ շնորհակալություն հայտնեց կուսակցությանը և կուսակցության նախագահին՝ վստահության և իր թեկնածությունն այդ պաշտոնին առաջադրելու համար։
Հովհաննես Սահակյանը նշեց, որ ծնվել է Սպիտակում 1977թ.-ին, 94-ին ընդուվել է ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետը, 1999-ից մինչև 2001թ. ծառայել է Հայոց ազգային բանակում, ապա աշխատել Բնապահպանության նախարարությունում որպես առաջատար մասնագետ։ Այնուհետև եղել է ԱԺ պատգամավոր և 2012թ.-ից խմբակցության քարտուղար է։
Հովհաննես Սահակյանը նշեց, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լուրջ դերակատարում ունի ԱԺ օրենսդրական գործունեության մեջ։ «Ընտրվելու դեպքում իմ ջանքն ու եռանդը կդնեմ, որ մնան այն բարի ավանդույթները, որոնք կան հանձնաժողովում և նաև կավելացնեմ մեր գործընկերի բոլոր այն առաջադրանքները, որոնք կլինեն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, ով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։
Հովհաննես Սահակյանից բացի այլ առաջադրումներ չեղան։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը կլինի վաղը, ժամը 12:30-ից մինչև 13։30-ը։