Քաղաքական 

Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, գործում են նոր քաղաքական խաղի կանոներ, որոնք բխում են Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից։ Լրագրողների հետ զրույցում ի գիտություն բոլոր այն քաղաքական գործիչների, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, նա զգուշացրեց՝ ապագա տասնամյակում դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է։ «Այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով, իսկ ապագա տասնամյակում ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը ՀՀԿ-ն է լինելու»,-ասաց ՀՀԿ խոսնակը։

Իսկ մինչ այդ նա նկատեց, թե Հայաստանում հասունացած նոր քաղաքական իրավիճակը կարծես դեռևս ոչ բոլորն են գիտակցում։ «Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չի վերցնելու, փաստացի նոր քաղաքական խաղի կանոների հայտարարում էր, որը մինչև վերջ չի ընկալվել: Ի՞նչ է ասել Նախագահը. ասել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, իսկ եթե վերջնական քննարկումների արդյունքում լինի պառլամենտական կառավարման համակարգ, ապա ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,-հիշեցրեց նա և հավելեց, թե ավելին՝ Նախագահը նաև նշել էր, որ իր համոզմունքն է, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում:

«Նաև նշեց, որ ինչպիսի կարգեր էլ ուենանք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է նաև ինքը, շարունակելու է իր վճռորոշ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում։ Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Այլևս մենք թևակոխել ենք ցանցային/հորիզոնական կառավարման համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը քաղաքականության մեջ և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը»,-ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն այսքանից հետո նկատեց, որ կան մարդիկ, գործիչներ, որ այս քաղաքական իրականությունը մինչև վերջ չեն գիտակցում և «այս օրերին կաշվից դուրս են գալիս իրենց ապագայի մեջ դիրքավորելով, ինչը միայն ժպիտ կարող է առաջացնել»:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին, ապա նա ընդգծեց. «Պետության առաջնորդը հստակ ամրագրեց, որ այսօր և ապագա տասնամյակի համար որոշիչ է լինելու հենց Հանրապետականի ձայնը, ոչ թե որևէ մեկ մարդու, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ ՀՀԿ-ի ձայնը, որվհետև ՀՀԿ-ն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով առաջատարն է և ապագա տասնամյակում շարունակելու է մնալ առաջատարը մեր քաղաքական դաշտում: Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ եթե ապագա տասնամյակում որևէ պետական քաղաքական գործիչ հավակնում է իրեն տեսնել պետական բարձրագույն պաշտոնների, ապա դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը ՀՀԿ-ն է։ Ավելի պարզ ասեմ, եթե որևէ մեկը ուզում է, կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով»,-ասաց նա։

Իսկ թե ո՞րն է, ըստ նրա, պահի ամենաուշագրավ կողմը՝ Շարմազանովը բացատրեց. «Դա հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է, ինչը նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին տեղի է ունենալու հենց Հանրապետականի ներսում և մենք համոզված ենք, որ ապագա տարիների ընթացքում ՀՀԿ-ն կապահովի որակական նոր թռիչք, նոր հզորություն, որը նաև ուղեցույց կհանդիսանա այլ քաղաքական ուժերի համար»։

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ սա առաջարկ է առաջին և երկրորդ նախագահներին, որ անդամագրվեն ՀՀԿ-ին, եթե ցանկանում են ստանձնել երկրի ղեկը, Շարմազանովը պատասխանեց. «Սա իրականության ամրագրում է, որ ապագա տասնամյակում ՀՀԿ-ն է լինելու ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը»։ 

Նույն շարքից