Քաղաքական 

Թուրքիան ճիշտ կաներ հետևելով Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր. ՀՀ ԱԳ նախարար

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Թուրքիայի վարչապետի՝ ապրիլի 23-ին հղած պաշտոնական ուղերձից, որին Երևանը պատասխանել է, որ դա Ցեղասպանության մերժման նոր ձև է։

«Բնականաբար, կիսում եմ այս կարծիքը, ցավալի է, որ 99-րդ տարելիցիրն նման բան է տեղի ունենում, բայց տեսե՛ք, որ այդ պատասխանից հետո նա շարունակում է խոսել, հիացած լինել իր իսկ ուղերձով, ավելին՝ երեկ արել է հերթական հայտարարությունը՝ քանի որ Թուրքիայում ապրել են հայեր, դա վկայությունն է, որ Ցեղասպանություն չի եղել»,- ասաց նա և հարցրեց, թե արդյոք այդ հայտարարությանն արձագանք չի լինելու։

Նախարարն ի պատասխան հարցի նշեց. «Գիտենք, թե այսօր ինչքան մեծ թվով հրեաներ են ապրում Գերմանիայում, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կհանդգնի հարցականի տակ դնել Հոլոքոստը , Թուրքիան ճիշտ կաներ հետևելով Գերմանիայի օրինակին, ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր: 15 թ-ին Թալեաթը Գերմանիայի գլխավոր հյուպատոսին ասում էր՝ հայկական հարց չկա, որովհետև այլևս հայ չկա, 99 տարի անց հայ ժողովուրդը միջազգային հանրության հետ պայքարում է, որ մարդկության դեմ նոր հանցագործություններ չկրկնվեն և սպասում է Թուրքիայից քաղաքակիրթ քայլերի»:

Թևան Պողոսյանն արձագանքեց, թե առիթն օգտագործելով՝ նաև կցանկանար լսել նախարարի տեսակետը այն մասին, որ մի քանի օրից Ադրբեջանը ԵԽ նախագահությունն է ստանձնելու։

«Վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք, թե ինչպիսին է այնտեղ մարդու իրավունքների վիճակը և քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել ձերբակալված, մեղադրված կամ ծեծված: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այդ մասին, արդյո՞ք չեք պատրաստվում բարձրաձայնել այս խնդիրը»,– հարցրեց նա։ 

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե դրա մասին բարձրաձայնել են հենց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները։ «Գիտեք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել հիմնարար ազատությունների, հատկապես՝ խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանում իրավիճակի վատթարացման վերաբերյալ, իսկ մենք լավ գիտենք, թե հայատյացությունը, խտրականությունը դարձել են սովորական երևույթ Ադրբեջանում, ես կարծում եմ՝ ոչ միայն ԵԽ-ում նախագահությունը, այլև այդ կազմակերպությունում անդամակցությունը պատիվ չի բերում այդ կարևոր կառույցին»,- ասաց նա:

 

 

Սկզբնաղբյուրը՝ tert.am
 

Նույն շարքից