Հասարակություն 

40 հազարի համար կարելի՞ է մարդուն ձերբակալել. Ինչու էին ծովակցիները փակել ճանապարհը

analitik.am

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ճանապարհը՝ պահանջում էին նախօրիեն ձերբակալված Ծովակ համայնքի բնակիչ Տարոն Խաչատրյանին ազատ արձակել: Տարոն Խաչատրյանը «Սևան ազգային պարկի» անտառագետն է:

Analitik.am-ի հետ զրույցում Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը նշեց, որ Տարոն խաչատրյանի ձերբակալության շուրջ տեղեկությունենրը կցկտուր են ու անհասկանալի: Նա ներկայացրեց գյուղում շրջող լուրերը, ըստ որի, խնդիրը ինչ-որ 40 000 դրամի պատմություն է, իսկ ձերբակալությունը անհիմն է:

«Մարդիկ ասում են, որ ընդամենըը 40 000 դրամի համար մարդու բռնել-տարել են, իսկ նա ֆերմեր է: Ինչի համար են բռնել, ասում են ծովակցիները, թող բաց թողնեն, իր գործն անի: Թող ազատության մեջ մնա, մինչև պարզվի 40 000 դրամի պատմությունը»,- փոխանցեց նա ծովակցիների մտահոգությունները և հավելեց, որ ոստիկանները Ծովակ գյուղում էին, խոսել են համայնքի բնակիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց պահանջները և եկել են ընդհանուր եզրակացության:

Ըստ Ծովակի համայնքապետի, ճանապարհն այժմ բաց է, և ոստիկանները Տարոնի եղբոր հետ մեկնել են բաժին՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում, որպեսզի «և՛ օրենքը չխախտեն, և՛ մարդկանց սրտով լինի»:

«Տարոնին բաց չեն թողել»,- ասաց Գարիկ Հակոբյանը:

Հարցին՝ արդյո՞ք «Սևան» ազգային պարկի ղեկավար Վահե Գուլանյանը եկել էր, քանի որ Տարոն Խաչատրյանը նրա աշխաատկցին է, Հակոբյանն ասաց՝ ոչ, ինքը Գուլանյանին չի տեսել:

Ինչ վերաբերում է նրան, որ նա ձերբակալվել է, քանի որ զբաղվել է սիգի ապօրինի արդյունահանմամբ, Գարիկ Հակոբյանը զարմացավ՝ նշելով, որ ինքը Տարոն Խաչատրյանին ճանաչում է և վստահ կարող է ասել, որ նա նման բանով չի զբաղվել, իսկ այդ մասին լսում է առաջին անգամ:

Նույն շարքից