Քաղաքական 

«Կալիֆոռնիայի՝ ԼՂ անկախության ճանաչման բանաձևի քննարկման որոշումը սպասելի էր». քաղաքագետ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևը: Այս մասին երեկ՝ մայիսի 2-ին, հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Այս բանաձևով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արվում աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախության կայացմանը: Հայ դատը Կալիֆոռնիայի հայությանը հորդորում է դիմել իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին` կոչ անելով կողմ քվեարկել բանանձևի ընդունմանը: Ըստ քաղաքագետ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ սա Կալիֆոռնիայի խորհրդարանի կողմից սպասելի քայլ էր:


«Փորձը ցույց է տալիս, որ լոկալ մակարդակով ԱՄՆ մի քանի նահագներ արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը ու անգամ դրական արդյունքներ ունենք: Ակնհայտ է, որ փաստացի ճանաչման խնդիրը տարբեր միջազգային կառույցներում բավական հաջող ընթացք է ստանում»,- Analitik.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը: Նրա համոզմամբ՝ փաստ է, որ նման ճանաչումները հող են նախապաստաստում, որ Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը պետական մակարդակի բնույթ ստանա:


«Բայց այս փուլում հայկական կողմը նման խնդիր, կարծես թե, իր առջև չի դրել: Սկսելու պարագայում, ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգների մակարդակով հաջողություններ կգրանցենք: Այստեղ կա բանակցային գործընթացի հետ կապված սպառնալիքի վտանգ»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ռոդ Այլենդ, Մեյն, Լուիզիանա նահանգները: Իսկ նախորդ տարեվերջին անկախությունը ճանաչեց Կալիֆոռնիայի Հայլենդ քաղաքը:

Նույն շարքից