Մայիսի 5-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունն արգասաբեր գործունեություն է մաղթել նրան: Անդրադառնալով ժողովրդի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերներին` Վեհափառ հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը և Աժ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, պետության և ժողովրդի շահի բարձր գիտակցությամբ, օրենսդրական կարգավորումներով բարի արդյունքներ պիտի ապահովեն երկրի առաջընթացի, ժողովրդի արժանապատիվ և բարօր կյանքի կերտման ճանապարհին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաև Հայ եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի, համախմբող դերակատարությանը: Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Հայ եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համար:
ՀՀ ԱԺ նորընտիր նախագահը, իր հերթին բարձր գնահատելով Հայոց եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, անհրաժեշտ է նկատել համատեղ ջանքերի ներդրումը` հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար: Ամենայն Հայոց հայրապետն ու ԱԺ նախագահը կարևորել են Մայր աթոռի և ՀՀ Ազգային ժողովի հետագա համագործակցությունը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԱԺ նախագահին` պատասխանատու իր առաքելության մեջ: