Քաղաքական 

Տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստը

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստը: ԱԺ պատգամավոր , ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԲՀԿ խմբակցության և քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են ներկուսակցական և ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։

 

Ի թիվս այլ հարցերի համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք՝ Կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են. և որևէ փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։

 

ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է: Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել և աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է համոզմունք, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

Նույն շարքից