ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները մայիսի 6-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Թիան Չանչունի ջանքերը` խորացնելու եւ ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ կա չօգտագործված մեծ ներուժ միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Կողմերը կարեւորել են նաեւ երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները ներկայացրել են Չինաստան կատարած այցի տպավորությունները: Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ այցերը նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, քննարկել են համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս: