Հայաստանի կառավարությունը ցանցային պատրաստվածության բնագավառում ՀՀ դիրքն էապես բարելավելու նպատակով կիրականացնի մի շարք միջոցառումներ: Կառավարությունը մայիսի 8-ի իր նիստում կհաստատի առաջիկայում իրականացվելիք միջոցառումների ցանկը:
Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ բոլոր բնակավայրերում ապահովել շարժական կապի հասնելիություն, կարգավորել ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտը. ձևավորել ինտերնետ կառավարման և պետական քաղաքականության հիմնական սկզբունքներ, աջակցել մասնավոր ոլորտում ցանցերի շահագործման, հուսալիության, անվտանգության և զարգացման խնդիրներին և տեղեկատվության ու առաջատար փորձի փոխանակմանը:
Կմաշկվի նաև լայնաշերտ կապուղիների միջոցով ինտերնետ ցանցին փոստի բոլոր բաժանմունքների միացման ծրագիրը, կշարունակվի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը:
«Միջազգային կազմակերպություններ կողմից հրապարակված Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությամբ՝ մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 12 տեղով բարելավել է իր դիրքը և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Չնայած այս բնագավառում ձեռք բերված առաջընթացին, անհրաժեշտ է մշակել և իրականացնել միջոցառումներ, որոնց շնորհիվ կբարելավվեն Հայաստանի Հանրապետության ցանցային պատրաստվածության համակարգը բնութագրող այն ցուցանիշները, որոնք բարելավման և առաջընթացի կարիք ունեն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: