Հասարակություն 

Չինարիի մասին Արարատ Միրզոյանի գրառումը ցույց է տալիս, թե ինչ բոբիկ է մեր իշխանությունը տեղեկատվական անվտանգության առումով. Կարեն Վրթանեսյան

analitik.am

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չինարիի մասին՝ իրականությունը։

Արդեն Արարատ Միրզոյանի մոտ տեսա այնպիսի պնդում, թե հակառակորդը իբր այլևս չի կարող գնդակոծել Չինարին։

Սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչ բոբիկ է մեր իշխանությունը տեղեկատվական անվտանգության առումով․ ինչ-որ Ճ կլասի լրատվակայքի տարածած կիսասուտ տեղեկությունը միանգամից հասել է իշխանության վերին էշելոններին, էլ ավելի աղավաղվել ու խանդավառությամբ տարածվում է արդեն բարձրաստիճան պետական պաշտոնյայի էջով։

Իսկ հիմա իրականությունը, խնդրում եմ ուշադիր կարդալ մինչև վերջ։

1․ Չինարին գազատարի հետ որևէ կապ չունի։ Իրարից ուղիղ գծով 50+ կմ հեռավորության վրա են։

2․ Կոնկրետ Չինարիի մոտ մերոնք որոշ դիրքային բարելավում ունեն, բայց հակառակորդի բոլոր դիրքերը մնում են իրենց տեղում և կախված են Չինարիի վրա։ Գնդակոծության վտանգը ԿԱ, ինչպես և նախկինում կար։ Ով Չինարիում երբևէ եղել է, պիտի հասկանա, որ մինչև գյուղի վրա կախված հակառակորդի դիրքերը չվերացվեն, գնդակոծությունների ռիսկեր միշտ էլ կան։

3․ Այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։ Մեր զինված ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամեն այսպիսի հիմար և անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կյանքն ամեն օր վտանգող մեր զինվորականների համար՝ դիրքապահից մինչև հետախույզներ, հատուկջոկատայիններ, սպաներ։

Հորդորում եմ լրագրողներին, բլոգերներին, «կարծիք ստեղծողներին», ուշադիր եղե՛ք, ամեն մի փուչ սենսացիա մի տարածեք։

Ու նաև ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկատվական հիգիենային շատ լուրջ վերաբերվել։

Հ․Գ․ Չեմ հասկանում, ԱԺ-ի ամբողջ աշխատակազմում չի՞ մնացել մի փորձագետ, որը կարող էր այս ինֆոն ստուգել, նոր հրապարակեին։

Նույն շարքից