Արդարադատության ոլորտի թիվ մեկ խնդիրը հասարակության վստահության մակարդակի բարձրացումն է, եւ նորանշանակնախարար ՀովհաննեսՄանուկյանն հենց այդ ուղղությամբ է աշխատելու: Ընդհանուր առմամբ, նախարարը ոլորտը ծանրագույնների շարքն է դասում, իսկ անելու գործ շատ կա: Մայիսի 8-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննես Մանուկյանը նշել է, որ ոլորտում կլինեն նոր փոփոխություններ եւ գրագետ կադրային քաղաքականություն: «Եթե մեկ նախադասությամբ նկարագրեմ ոլորտի վիճակը, ապա այն շատ ծանր է, եւ կան բազմաթիվ հիմնախնդիրներ: Թիվ մեկ հիմնախնդիրն այն է, որ հասարակության վստահության մակարդակը պետք է բարձրացվի: Շատերը արդարադատությունը եւ դատական համակարգը շփոթում են: Այսօր, երբ գալիս էի կառավարության նիստին, դրսում կանգնած մարդիկ ասում էին. «Ահա հիմա կտեսնենք` նախարարը արդա՞ր կդատի, թե ոչ»: Սա սխալ է: Նախարարը չի դատում: Նա այլ գործառույթ ունի»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հրաժարականին` Հովհաննես Մանուկյանն ասաց, որ զրուցել է Օրբելյանի հետ եւ առաջարկել աշխատել նույն թիմում, սակայն Օրբելյանը նախընտրել է աշխատել մասնավոր հատվածում:
Մանուկյանը ճիշտ եւ դրական գնահատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ կառավարության այն անդամների հետ, ովքեր չեն կատարի իրենց ծրագիրը, ճանապարհները կբաժանվեն:
«Վարչապետը չի սպառնացել: Նա ճիշտ հայտարարություն է արել, եւ իրեն հարգող նախարարը կամ գործիչը, որ չի կարողանում իր առջեւ դրված պարտականությունները կատարել, ինքը պետք է հրաժարական տա»: Անդրադառնալով կառավարության մշակվող ծրագրին` Մանուկյանն ասաց, որ չի ցանկանում գնահատել նախորդ ծրագիրը, սակայն այն աչքի էր ընկնում ընդհանուր ձեւակերպումներով: Նախորդ կառավարության ծրագրում արձանագրային մասն ավելի շատ էր: Նոր կառավարության ծրագրում դա չի լինի: