Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ին ունեցած ելույթը քննադատողներին:
Դեսպանատունը երեկ Twitter-ում մասնավորապես գրել է. «Նրանք, ովքեր քննադատում են դեսպան Ուորլիքի ելույթում առկա փոխզիջումները, հիշեք հետևյալը. կա երեք հնարավոր ելք. բանակցությունների ընթացքում ձեռք բերված կարգավորման ուղի, անընդունելի ստատուս քվոյի երկարաձգում կամ պատերազմ: Ընտրե՛ք»:
ԱՄՆ դեսպանատունը նրանց, ովքեր քննադատում են Ուորլիքի ելույթը, նաև առաջարկել է հիշել, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը պահանջում է երկու կողմերից փոխզիջումներ՝ գրելով. «Նրանց, ովքեր քննադատում են դեսպան Ուորլիքի ելույթը, հիշե՛ք. ցանկացած տարբերակ պետք է ունենա երկու կողմից փոխզիջումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»:
Հաղորդագրություններից հետո դեսպանատան էջը ևս մեկ գրառում է արել. «Եթե կողմերը շարունակեն պահանջել ստանալ ամենը, ինչ ցանկանում են, նրանք ստիպված կլինեն սպասել երկար, երկար տարիներ»։
Բացի այս գրառումներից, ԱՄՆ դեսպանատունն արդեն այսօր Twitter-ում գրել է, որ հուսով է, որ բոլորը լսել են Ջեյմս Ուորլիքի ելույթը և ներկայացրել է Ուորլիքի ելույթի հիմնական կետերը։