Քաղաքական 

Ամենահայրենասեր գործիչները

Analitik.am-ը, կարևորելով  քաղաքական և հասարակական  շրջանում հայտնի  գործիչների գրագիտությունն ու  հայրենասիրությունը,  հավաքագրեց մայիսի 9-ի կապակցությամբ քաղաքական և հասարակական գործիչների կողմից արված ամենագրագետ  և ամենահայրենասիրական շնորհավորանքները:  Ձեզ ենք ներկայացնում արդյունքները.

 

«Հայոց Արծիվները» հայրենասիրական հասարակական 


կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան


Արցախյան փառավոր հերոսամարտում հաղթանակած հերոսական հայ ժողովուրդ. 

Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից եռատոնի կապակցությամբ, և իմ մաղթանքներն եմ հղում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայորդիներին՝ ցանկանալով խաղաղություն, ուժ և միասնություն:

Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:
Մենք հպարտ ենք, որ չնայած թշնամու ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց անառիկ բերդաքաղաք Շուշին:

 
Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին:

Փառք ու պատիվ՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման ակունքներում կանգնած հայկական կամավորական ջոկատների հերոս երկրապահներին, որոնք անզեն ու անպատրաստ, սակայն ոգով արի ու հայրենատեր, առաջինը ոտքի ելան հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար:

Փառք ու պատիվ՝ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին բազում հակասությունների մեջ Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար:

Փառք ու պատիվ՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին: 

Խոնարհում քեզ՝ Եռաբլուր, եռատոնդ հավերժության ջահն է քո:

Խոնարհում Ձեզ՝ հայոց մայրեր, Դուք արծիվ որդիներ եք հայրենիքին նվիրել:

Շնորհավո՛ր տոնդ, Հայրենիք, թող խաղաղությամբ բացվեն գալիք լուսաբացներդ մինչև հավերժություն...

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան


Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ պատերազմում մեր նախնիների փառահեղ հաղթանակի, ինչպես նաև Լեռնայի Ղարաբաղի պաշտպանական բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապացությամբ:

 

Մայիսի 9-ը ոսկե թելերով իր մեջ միահյուսել է տարբեր պատմական ժամանակա­հատված­­ներում հայ սերունդների հաղթանակները, որոնք իրենց հատուկ տեղն ու դերն ունեն մեր պատմության էջերում:

 

Երկրորդ աշխարահամարտի տարիներին մեր պապերն ու հայրերը իրենց լուման ներդրեցին ֆաշիզմի դեմ պայքարի հաղթական գործում` պայմանավորելով ապագա սերունդների խաղաղ գոյությունը: Հենց այդ հաղթանակն էր, որ պահպանեց հայի կռվող և հաղթող տեսակի ոգին:

 

Հետագայում՝ արդեն նորաստեղծ պետականության կերտման սկզբնափուլում` 1992թ-ի մայիսի 9-ին, մերօրյա ազատամարտիկները պետք է կրկնապատկեին հայի հաղթանակի բերկրանքը` հետ բերելով հայկական Շուշին:

 

Սա հաղթանակ էր, որի ոգով պետք է սերունդներ դաստիարակվեին, և որը պետք է դառնար հայի պայքարող ոգին սնող նոր երակն ու կյանքը:

 

Շարունակենք կերտել նոր հաղթանակներ ու հիշել, որ 20-րդ դարում մենք արդեն հաղթել ենք:

 

Պատգամավոր Վահե Էնֆիաջյան


Մայիսը համարվում է հաղթանակների ամիս և իրոք հենց այս ամսում մենք կերտել ենք մեծագույն հաղթանակներ, որոնք վճռորոշ են եղել մեր պետականության և ազգի հետագա ճակատագրի համար: Մայիսի 9-ին հիշում և տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ու դաշնակից զորքերի տարած հաղթանակը: Արդեն նաև 22 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդին համախմբվում են մեկ ընդհանուր վառ հիշողության` Արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Հաղթանակներ, որոնք կերտվեցին անհաղթահարելի խոչընդոտների ուղին հաղթահարելով:

Հայը կրկին զենք վերցեց հանուն իր Հայրենյաց հողը պաշտպանելու և ինքնությունը պահելու համար:

Պատիվ, որը մշտապես մխրճված է հայի էության մեջ: Էություն, որ միշտ տերն է իր ազգայինի:

Ազգային, որը պահում է հայի անկախ դեմքն ու դիմագիծը: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալի տոն է:

Այն իր մեջ ամփոփում է ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափարը: Շնորհավորում եմ բոլորիս Մեծ Հայրենական պատերազմի և Շուշիի ազատագրման կապակցությամբ:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

 

Հայրենական մեծ պատերազմի սիրելի վետերաններ,

սիրելի հայրենակիցներ,

 

սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ:

 

Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի տոն է, փառավոր հաղթանակների օր: Հայրենական մեծ պատերազմում մեր պապերը կյանքի գնով ապացուցեցին, որ հնարավոր չէ հաղթել հայրենիքը, հարազատ տունն ու օջախը պաշտպանող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում, Հայկի և Բելի ճակատամարտից մինչև Արցախյան գոյամարտ, մեր ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ ինչքան խաղաղասեր, շինարար ու ստեղծագործ է առօրյա կյանքում, այնքան էլ անողոք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն խաթարել մեր անդորրը: Դա մեր պապերն ապացուցեցին Մեծ հայրենականի տարիներին, և այս օրը, իրավամբ, դարձավ մեր պապերի փառապանծ հաղթանակի օրը, և մեր ժողովուրդը մեծ սիրով, հարգանքով, նաև խոնարհումով է վերաբերվում այս տոնին: 

 

Մայիսի 9-ը մեզ համար նաև կրկնակի տոն է, քանզի, Մեծ հայրենականում իրենց պապերի տարած հաղթանակով ոգեշնչված, մեր նորօրյա հերոսներ դարձած ազատամարտիկները ևս մեկ հերոսական էջ գրեցին հայ ժողովրդի պատմության մեջ՝ ազատագրելով Արցախ աշխարհի մարգարիտ Շուշին:

 

Այսօր հաղթանակները հիշելու, հերոսներին փառաբանելու, նաև պատմությունից դասեր քաղելու օր է: Եվ, երախտիքի մեր խոսքն ուղղելով մեր փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին ու, խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև, այսօր մեր ժողովուրդը յուրովի վերահաստատում է, որ, իսկապես, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Հավերժ փառք բոլոր հերոսներին:

 

 

Պատգամավոր Թևան Պողոսյան


Հարգելի հայրենակիցներ,

 

Մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է: Այսօր մենք նշում ենք Մայիսի 9-ի հաղթանակի տոնը: Դա իսկապես հատուկ օր է մեր պատմության մեջ: 1945-ին տոնեցինք 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, իսկ արդեն 1992-ին՝ Շուշիի ազատագրումը: Մեր հայրենակիցները Արցախում տոնում են նաև Բանակի տոնը: Հպարտություն է, երբ սերունդը սովորում է պապերի հերոսությունը և կարողանում է նաև կրկնել այն: Հավատում եմ, որ հարկ եղած դեպքում սա միշտ կկրկնվի:

 

Փառք ու պատիվ մեր հերոսներին՝ գեներալից մինչև զինվոր: Փառք մեր բանակին: Բայց մենք պետք է ամեն օր հիշենք, որ կռվի դաշտում հաղթանակը պետք է ամրապնդվի պետական ինստիտուտների կողմից իրենց աշխատանքով, մեր գործարարների կողմից բարիք ստեղծելով, մեր գիտնականների կողմից իրենց գյուտերով, մեր աշխատավորների ու գյուղատնտեսների կողմից՝ ամենօրյա նվիրված աշխատանքով:

 

Այո, բոլորս պետք է մեր աշխատանքով, նվիրվածությամբ և եռանդով կերտենք հզոր Հայաստանը: Այն Հայաստանը, որը պատկերացնում էին մեր հերոսները՝ իրենց կյանքը չխնայելով հանուն մեր հաղթանակների: Իրենց երազների ու հույսերի, իրենց երազներին ու պատկերացումներն են, որ պետք է մենք կյանքի կոչենք, նաև հանուն նրանց վառ հիշատակի:

 

Վստահ եմ, որ նրանք երազել են հզոր բանակի մասին, որտեղ իրենց տղաները կծառայեն հպարտությամբ, այլ ոչ թե մտածեն խուսափել հայրենիքի առջև զինորական պարտքը կատարելուց, երազել են, որ իրենց երեխաները կշենացնեն իրենց գյուղերն ու քաղաքները, այլ ոչ թե արտագաղթի ճամփան բռնեն, երազել են, որ կունենա արդար երկիր, այլ ոչ թե անպատիժ անարդարություն: Այո, մենք շատ բան ունենք անելու, որ մեր հերոսների հաղթանակը ամրապնդենք ու կրկնապատկենք:

 

Գիտեմ, որ սա անելը հեշտ չէ, հասկանում եմ, որ դժվար է լինելու, բայց դա մեր գործն է, ու մենք պետք է անենք:

 

Կեցցե՛ն մեր հերոսները

 

Անենք այնպես, որ մեր զավակները կարողանան ասել կեցցեն մեր հայրերը:

                                            

Թատերագետ Լևոն Մութաֆյան


Մեծ Հայրենականում հաղթանակ տարած մեր պապերի տոնն է...

Ես պապերիցս մեկին չեմ տեսել: Պատերազմից վերադարձել է՝ արկը մարմնի մեջ ու կարճ ժամանակ անց կնքել իր մահկանացուն: Երիտասարդ, գեղեցիկ, զինվորական համազգեստով պապ կլինի՞...

Ես ամեն տարի Մայիսի 9-ին շնորհավորում եմ պատերազմի մասնակիցներին ու պապիս՝ ինձանից տարիքով փոքր պապիս...

Ես շնորհավորում եմ Մեծ ազատամարտի մասնակիցներին, որոնք 20-րդ դարավերջին կրկնեցին Սարդարապատը, որոնք իրականություն դարձրեցին մեր երազը, որոնք Միացյալ ու Ազատ Հայաստանի տեսլականը մոտ բերեցին...

Ես բոլորիս եմ շնորհավորում այսօր, ներողամտորեն՝ նաև պատերազմի մակաբույծներին, որոնք այսօր քայլում են գեներալական շքեղ համազգեստներով, իրենց ցոփության դղյակներից նայում մեզ ու աշխարհին...

Ես շնորհավորում եմ իմ ընտանիքի անդամներին, որոնք ինձ հետ միասին մեր խորդանոցը զինապահեստ էին դարձրել ու գիշերները թաքուն օգնում էին, որպեսզի զենքը բարձենք բեռնատարներն ու Ղարաբաղ ճանապարհենք...

Իսկական համաժողովրդական պատերազմ էր:

Ուրեմն, շնորհավորում եմ բոլորիս...

 

Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյան


Ամերիկացիները հպարտանում են իրենց հաղթանակներով, ռուսներն էլ՝ իրենց: Եվ դա բնական է, որովհետև ազգություն ունեցող մարդը գովերգում է իր Հայրենիքի փառքը: Այս օրերին շատ է խոսվում մեր պետության հաղթանակների մասին: Դրանց նվիրված հիշատակությունների, պատմություների, երգերի բուն նշանակությունը` հաղթանակի ոգու փոխանցումն է: Այդպիսով` մարդու մեջ արմատավորվում է գիտակցումը, որ ինքը հաղթողի ժառանգն է, նրա տեսակից և, ուրեմն, ինքն էլ է հաղթող: Եվ հաղթանակի փառքը լցվում է այդ հաղթանակների հետ ազգակցական կապ ունեցող երիտասարդի հոգին: Դա նրան վստահություն է ներշնչում, թե ինքը նույնպես կարող է պաշտպանել իր ժողովրդի ազատությունը և հաղթել ճիշտ այնպես, ինչպես նախնիները:

 
Մայիսի 9-ին մենք եռակի ենք փառավորում մեր խորհրդային ու հետխորհրդային հերոսների տարած հաղթանակները, քանի որ ունենք բանակ, որն իր մեջ կրում է այս պատմական հաղթանակների հերոսական ոգին: Փառք մեր պապերին, հայրերին, եղբայրներին: Կեցցե այն սերունդը, որը պատվով պահպանելու է հաղթական ոգին:

 

Անալիտիկ  կենտրոն

Նույն շարքից