Հասարակություն Վերլուծական 

Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցում կրկնեց Պեպ Գվարդիոլայի և Էրիկ տեն Հագի սխալը ու կարող է դուրս մնալ կիսաեզրափակիչից

analitik.am

Ինչպես ցույց են տալիս զարգացումները, Ամուլսարի հարցը դառնալու է իշխանության ներսում վերադասավորումների պատճառ: Այլ կերպ լինել չի կարող, քանի որ Փաշինյանի թիմի ներսում կան անհատներ, որոնք մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները միշտ դեմ են արտահայտվել հանքարդունաբերությանը և մասնավորապես Ամուլսարին: Նրանք հիմա չենք կարող ուղղակի վերցնել ու մոռանալ այդ մասին:

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, Ամուլսարի հարցում որևէ սխալ բան չի արել: Նա գոնե հրապարակային երբեք չի ասել, որ հանքը չի շահագործվելու: Վարչապետը միշտ ասել է, որ այն շահագործվելու է միայն այն դեպքում, երբ նոր Հայաստանում համապատասխան փորձաքննությունը ցույց կտա դրա վտանգավոր չլինելը, ռիսկերի կառավարելի լինելը: Հենց դրա համար էլ պետության հաշվին 400 հազար դոլարով փորձաքննություն իրականացվեց Էլարդ ընկերության կողմից, որի ներկայացրած եզրակացությունն էլ թույլ տվեց Փաշինյանի հայտարարել, որ հանքին աշխատելու հնարավորություն պետք է տալ:

Ամեն ինչ կարծես թե ճիշտ է, բայց կա մի բայց: Կա առնվազն մի սխալ, որն ամեն դեպքում թույլ տվեց Փաշինյանը:

Բոլոր ֆուտբոլասերներն են հիշում Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանը և մասնավորապես Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին» և Էրիկ տեն Հագի հիասքանչ «Այաքսին»: Եթե Պեպի թիմը հենց սկզբից ֆավորիտ էր, Էրիկի թիմ այդպիսին չէր համարվում: Սակայն հոլանդական հրաշքը կարողացավ մեկը մյուսի ետևից պայքարից դուրս թողնել եվրոպական ֆուտբոլի հսկաներին և հասնել կիսաեզրափակիչ, որտեղ պայքարից դուրս մնաց համեստ «Տոտենհեմի» դեմ պայքարում՝ ունենալով առավելություն առաջին հանդիպումից հետո:

Ավելի ուշ հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալը պետք է նշեր՝ անգլիական ու հոլանդական թիմերը հիանալի են, ունեն ուժեղ մարզիչներ, որոնք, սակայն, շատ են կենտրոնանում սեփական թիմի խաղի վրա՝ երբեմն մոռանալով մրցակցի խաղի մասին:

Փաշինյանը շատ էր կենտրոնացել իր թիմի խաղի վրա՝ մոռանալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների մասին, ովքեր միշտ են հայտարարել՝ Ամուլսարի հանքը չի շահագործվելու՝ անկախ ցանկացած փարձաքննության արդյունքներից:

«Սիթին» ու «Այաքսը» դուրս մնացին Պեպի ու Էրիկի սխալի պատճառով, հերթը Փաշինյանի՞ն է…

Նույն շարքից