Քաղաքական 

Արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի տնօրենին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 12-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի տնօրեն գեներալ-մայոր Ալեքսանդր Կրիմովին: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ակադեմիայի տնօրենը ներկայացրել է մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ իրականացված բոլոր համատեղ նախաձեռնություններն առանձնանում են բարձր որակով և մեծ կազմակերպչականությամբ:

 

Զրույցի ընթացքում կողմերը առանձնացրել են այն առաջնահերթությունները, որոնք իրականացվելու են մոտ ապագայում՝ շեշտը դնելով պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, կրթամեթոդիկ ծրագրերի փոխանակման, համատեղ կոնֆերանս-սեմինարների և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների վրա:


Արդարադատության նախարարը նշել է, որ հետաքրքրված է ակադեմիայի հետ համագործակցությամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական համակարգի աշխատակիցների վերապատրաստման միասնական ծրագրի և մեթոդաբանության փոխանակման հարցերում:


Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հյուրին հավաստիացրել է, որ կաջակցի հետագա ծրագրերի իրականացմանը՝ կարևորելով իրավական համակարգի աշխատակիցների ուսումնակրթական բարձր պատրաստվածության առաջնահերթությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:

Նույն շարքից