«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու` Կառավարության կողմից ներկայացրած օրենքի մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից այսօր ելույթով հանդես եկավ Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, թե իշխանությունները կոնկրետ գնահատական պետք է տան իրավիճակի ընթացիկ պահին։
«Մենք եկել ենք տարբեր տիպի տեխնիկական հարցեր ենք ներկայացնում՝ մոռանալով հիմնական նպատակը, որ բարեփոխման հիմքում դրված էր։ Անկեղծորեն ես սպասում եմ, պարոն նախարար, ձեր հստակ պատասխանին, անպայման ասեք, հիմա դուք այս ռեֆորմը առա՞ջ եք տանում, կանգա՞ռ է, թե՞ հետ եք տանում»,-խոսքն ուղղելով դահլիճում նստած սոցապ նախարարին՝ ասաց նա և ապա ավելացրեց, թե այդ հարցի պատասխանից է կախված ԲՀԿ-ի քվեարկությունը։
«ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի մեր հարցադրումների նկատմամբ մոտեցումներով, հատկապես քաղաքական դիրքորոշում հայտնելու գնահատականներով»,-ասաց նա և «արձանագրեց իր մտահոգությունները»։
Առաջինը վերաբերվում էր ֆոնդերի ճակատագրին, քանի որ ըստ նրա, եթե նախագծով ասվում է, որ գործատուն կարող է դիմում գրել՝ հրաժարվել, այդ դեպքում ինչպե՞ս են գործելու ֆոնդերը։
Միքայել Մելքումյանը, ի լրումն, նկատեց, թե 127 000 մարդու գումարներ արդեն իսկ փոխանցված են, որոնք մոտավոր կազմում են 1,4 մլրդ դրամ։ Նա հարցրեց, թե ի՞նչ է լինելու այդ գումարի հետ։
Նա նաև հետաքրքրվեց Սահմանադրական դատարանի որոշումից բխող հանգուցալուծումներից։ «Մարդուն ստիպում ենք, որ գա դիմում գրի, իր սեփականությունը հետ ստանա, սա սահմանադրակա՞ն է»,-հարցրեց նա։