Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի օդանավը վայրէջք կատարեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Նրան դիմավորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղի է ունենում դիմավորման արարողություն` այցելության ամենաբարձր մակարդակի` պետական այցի արարողակարգի համաձայն:
Ծրագրվում է, որ մայիսի 12-13-ը պետական այցով Հայաստանում գտնվող Օլանդը կբացի Հայ-ֆրանսիական գործարար ֆորումը և կայցելի Հայաստանում Կարֆուրի ապագա խանութի համար նախատեսված տարածք: Նախագահը կբացի Միսաք Մանուշյանի անվան պուրակը՝ ի հիշատակ Դիմադրության շարժման ֆրանսահայ նշանավոր ներկայացուցչի և դեսպանությունում կընդունի Հայաստանի ֆրանսիական համայնքին:
Նախագահ Ֆրանսուա Օլանդը 2013թ. հոկտեմբերին Փարիզում ընդունել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Երկօրյա այցն էլ ավելի կամրապնդի Հայաստանը և Ֆրանսիան միավորող բարեկամական կապերը: Քանի որ այցը նպատակ ունի ավելի բարձր մակարդակի վրա դնելու երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական և առևտրական հարաբերությունները, նախագահը Հայաստան է ժամանում գործարար առաջնորդների մի մեծ պատվիրակության ուղեկցությամբ, ովքեր կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումին:
Դիմավորման հանդիսավոր արարողությանը կարող եք հետեւել այստեղ: