Քաղաքական 

Ֆրանսիան պատրաստ է օգնել Հայաստանաին ՀՀ-ԵՄ համագործակցության հարցում . Ֆրանսուա Օլանդ

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար շատ կարեւոր է նաեւ տարածաշրջանային խնդիրների կարգավորումն ու հատկապես` փակ սահմանների բացումը: Մայիսի 12-ին Երեւանում կայացած հայ-ֆրանսիական  տնտեսական համաժողովի ժամանակ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը տնտեսական համագործակցության հարցում որպես գլխավոր խնդիրներից մեկը առանձնացրեց փակ սահմանների առկայությունն ու Հայաստանի շրջափակված լինելը:  


Օլանդը շեշտել է, որ փակ սահմանների առկայությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր` հավելելով, թե Փարիզում վստահ են, որ փակ սահմանները պետք է օր առաջ բացվեն եւ քաղաքական խնդիրների հարթեցումը պետք է նպաստի տնտեսական զարգացմանը: Թեպետ, ըստ Օլանդի, Ֆրանսիան կքաջալերի այս հարցի լուծումը եւ կձեռնարկի գործողությունների շարք, որոնք հնարավորություն կընձեռեն, որ հայկական ապրանքները հասնեն եվրոպական շուկա, սակայն Հայաստանը պետք է լուծի սահմանային խնդիրները եւ դուրս գա շրջափակված տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակից: Փակ սահմանների առկայության առնչությամբ Օլանդը երկրների անվանումներ չթվեց, սակայն հույս հայտնեց, որ Եվրամիությունում էլ պետք է ընկալեն Հայաստանի խիստ բարդ եւ յուրահատուկ կարգավիճակն ու ըստ այդմ իրականացնեն  յուրահատուկ գործառույթներ: Օլանդի խոսքով, Հայաստանը կանգնած է կարեւոր որոշումներ կայացնելու շեմին, եւ Ֆրանսիան պատրաստ է Եվրոպական Խորհրդարանի ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր Եվրոպական հանձնաժողովում օգնել Հայաստանին եւ բարձրացնել այն հարցը, որ երկրի անդամակցումը Մաքսային միությանը խոչընդոտ չլինի Եվրամիության հետ հարաբերություններում: «Մաքսային Միությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա տնտեսական համագործակցության համար: Այս առնչությամբ պետք է աշխատել, որպեսզի Հայաստանի ապրանքները կարողանան մտնել նաեւ եվրոպական շուկա: Իրավական տեսանկյունից էլ մեծ խնդիր չկա, եւ կարծում եմ` պետք է կարողանանք այդ հարցը կարգավորել: Կարծում եմ` բանակցությունների միջոցով կկարողանանք օգնել Հայաստանին եւ բացատրել Եվրամիութան մեր գործընկերներին, որ Հայաստանին արտոնյալ պայմաններ են անհրաժեշտ` հաշվի առնելով այս երկրի աշխարհաքաղաքական, տնտեսական եւ քաղաքական յուրահատկությունները»,- ասաց Ֆրանսիայի Նախագահը:


Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը և կլոր սեղան-քննարկումը, որը կշարունակվի նաեւ մայիսի 13-ին:

 

Տնտեսական համաժողովին զուգահեռ տեղի կունենա երկու կլոր սեղան, կքննարկվեն առևտրի և ծառայությունների ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Զբասաշրջությունը, առողջապահությունը, ագրոբիզնսեսը և այլ ոլորտներ կլինեն քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում: Երկրրոդ կլոր սեղանին կքննակվեն ենթակառուցվածքների և սարքավորումների, քաղաքաշինության, էներգետիկայի, էլեկտրոնային ծառայությունների և ապահովագրության ոլորտների հարցեր: Տնտեսական համաժողովին երկկողմ մասնակցությունը բարձր մակարդակի վրա է: Ելույթներով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ֆրանսիական կողմից ելույթ կունենա Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Ֆլեուր Պելերին:


2013 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանից Ֆրանսիա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են բնական կամ արհեստական կաշվից հագուստը, կարի արտադրանքը: Ֆրանսիայից Հայաստան նեմուծվող հիմնական ապրանաքատեսակներն են օծանելիքը, դեղագործական և այլ արտադրությունների համար նախատեսված ապակե տարան:


Հայաստանում 2013 թվականին ֆրանսիական ներդրումները կազմել է 99.1 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործում են ավելի քան 230 ընկերություն` բանկային, կրթության, առողջապահության, էներգետիկայի և այլ ոլորտներում:

Նույն շարքից