Քաղաքական 

Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ մայիսի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակողողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

 

Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան, նշելով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել է ուսանողական տարիներին, իսկ առավել ծանոթացել և ուսումնասիրել է Հայաստան այցին նախապատրաստվելիս, ասել է. «Առաջին անգամ ենք գտնվում այստեղ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայ ժողովրդին, որին 99 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանության միջոցով ցանկացել են ոչնչացնել։ Հույս ունենք, որ ապագայում նման ոճրագործությունները չեն կրկնվի։ Չեխ ազգը, չեխ ժողովուրդը հարգանքով է վերաբերվում Հայոց ցեղասպանությանը»:

 

Նույն շարքից