Քաղաքական 

ԱԺ-ն ընդունեց «կուտակայինի» նոր օրենքը. կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն

Ապրիլի 13-ի ԱԺ նիստում կողմ` 68, դեմ` 12  ձեռնպահ` 36 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Վարման կարգի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ ձեռնպահ է քվեարկելու օրենքին` դրանով իսկ թույլ տալով կառավարությանը փորձել ուղղել օրենքում առկա թերությունները:

 

ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը ևս նախագծին ձեռնպահ է քվեարկելու: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ վարման կարգի վերաբերյալ իր ելույթում ասաց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու օրինագծին: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ ՀՅԴ-ն ևս ձեռնպահ է քվեարկելու օրինագծին: «Կառավարության նոր նախագիծը մեկ քայլ առաջ է, սակայն չի լուծում օրենքում առկա մի շարք թերություններ»,- ասաց Միասյանը:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկում նախագծին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ վարման կարգի վերաբերյալ իր ելույթի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին: «Ես չեմ հասկանում, թե ընդդիմադիրներն ինչին են դեմ, կամ ինչին` ձեռնպահ»,- ասաց Այվազյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքին:

Նույն շարքից