Միջազգային Հասարակություն 

Թրամփը հորդորել է Apple-ին հեռանալ Չինաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Apple-ին տեղափոխել արտադրությունը Չինաստանից: Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ես կարող եմ շատ կարճ ժամանակահատվածում օգնել Apple-ի նման ամերիկյան ընկերություններին, միայն թե նրանք անեն այն, ինչ պետք է՝ հեռանան Չինաստանից»,-ասել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ առանց իր օգնության խոշոր ընկերությունները խնդիրներ կունենային։

Թրամփի խոսքով՝ անցած մեկուկես ամսվա ընթացքում Չինաստանը կորցրել է երկու միլիոն աշխատատեղ, քանի որ որոշ ընկերություններ իրենց արտադրանքը տեղափոխում են այն վայրեր, որտեղ ԱՄՆ պատժամիջոցները չեն կիրառվում․ «Եվ նրանք կկորցնեն ավելին»,-շեշտել է նախագահը

Հունիսին լրատվամիջոցները հայտնում էին, որ Apple-ը Չինաստանում կհավաքի Mac Pro համակարգիչներ, որոնք նախկինում արտադրվում էին Միացյալ Նահանգներում: Թրամփը ավելի ուշ ասել է, որ երբ իմացավ այդ մասին, չի առարկել, բայց նախազգուշացրել է, որ Չինաստանից ներմուծվող բաղադրիչները նույնպես ենթակա են տուրքերի:

Նույն շարքից