Քաղաքական 

«Կուտակայինի» նոր լուծումը գործատուին թույլ կտա գումար չպահել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի կիսում մտահոգությունները, թե «Կուտակային կենսաթոշակների մասի» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լուծում է միայն օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ ակտիվ բողոքողների խնդիրը, իսկ պետական մարմիններում ճնշումները կշարունակվեն:

 

«Ես այդ կարծիքին չեմ, այդ լուծումը թույլ է տալու ցանկացած քաղաքացու անկախ նրանից, թե որ գործատուի մոտ է աշխատում, եթե ունի ցանկություն, իր դիմումի միջոցով հնարավորություն տալ գործատուին չպահելու և չփոխանցելու գումարը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 

Վերջինիս ներկայացմամբ՝ փաթեթն այս պահին խնդիրներին տալիս է միջանկյալ լուծումներ և ամենակարևորը՝ կամարտահայտության հնարավորություն պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների համար: Եվ քանի որ Սահմանադրական դատարանի որոշման կատարումն ապահովելու ժամկետն ընտրված է սեպտեմբերի 30-ը, ուստի ամբողջական փաթեթն այդ ժամանակահատվածում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

«Այս փուլում հստակ լուծվում է հետևյալ խնդիրը. մինչև օրենքն ընդունելը կուտակային վճարներ չվճարած անձիք պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ նրանք, ովքեր վճարումները կատարել են, դրանք կենսաթոշակային հաշիվների վրա են, պետական մասնակցությունը շարունակվելու է, և այդ գումարներն աշխատելու են հօգուտ պարտադիր կուտակայինի մասնակցի»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ պարտադիրի կամ ոչ պարտադիրի գաղափարն այս փուլում չի քննարկվում։


«Մենք ունենք օրենքով արձանագրված նորմ, որը, կարծում եմ, երկրորդ ընթերցմամբ ևս կընդունվի, և որը հնարավորություն է տալիս այն քաղաքացիներին, ովքեր այս փուլում գտնում են, որ ՍԴ-ի որոշմամբ իրենց աշխատավարձերից պահումներ չպետք է կատարվեն, դիմում ներկայացնելու պարագայում իրենց կամարտահայտության իրավունքը կհարգվի»,- ասաց նա։

 

Արտեմ Ասատրյանը նաև նկատեց, որ ՍԴ-ի որոշումից հետո առաջացել է երկու բևեռացված մոտեցում, և այս օրենքի ընդունումը թույլ կտա լուծել այդ խնդիրը:

 

Ինչ վերաբերում է պետական մասնակցությանը, նախարարը հիշեցրեց, որ պետական մասնակցության դրույթը որևէ կերպ հակասահմանադրական չի ճանաչվել, և պետական միջոցները տրվելու են մասնակիցների հաշիվներին: Դա թույլ կտա տեղեկատվական շտեմարաններում հստակեցնել բոլոր մասնակիցների կարգավիճակները, ինչը այս փուլում էական է:

Նույն շարքից