Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը մի օր պարզապես ֆեյսբուքյան ստատուսի միջոցով որոշեց, որ ամսագիրն այլևս պետք չէ. Անի Տեր-Գուլանյան

analitik.am

Այժմ մշակույթի ժամանակ չկա. «Անդինի» բացը չի լրացվում

Արդեն շուրջ մեկ տարի չի տպագրվում գրական-գեղարվեստական «Անդին» ամսագիրը: Ի՞նչ վիճակում է ամսագիրը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցել է «Անդին» ամսագրի երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանի հետ:

«Այժմ ամսագիրը ֆինանսական դժվարություններ ունի, ռիթմից ընկել է, լույս չենք տեսնում, գործում է andin.am կայքը միայն: 2018թ-ի մայիսից բաժանորդագրությունը դադարեցվեց և պայմանագիրը կրթության նախարարության հետ միակողմանի խղվեց»,- ասաց Անի Տեր-Գուլանյանը:

Ըստ նրա, «Անդինի» հետ պայմանագրի խզումը կրթության նախարարի որոշումն էր, որի արդյունքւոմ խախտվեցին բազմաթիվ պայմանավորվածություններ, քանի որ բաժանորդագրությունը նախատեսված էր մինչև տարվա վերջ:

Անի Տեր-Գուլանյանը նաև նշեց, որ շուրջ 1500 հատ ամսագիր էր տրվում կրթության նախարարությանը, որը բաժանվում էր դպրոցներին՝ մեկ օրինակով, և ուսուցիչները, աշակերտները կարող էին ծանոթանալ ժամանակակից, և ոչ միայն ժամանակակից հայ գրականությանը: Թարգմանական գործեր էին ներկայացվում, անդրադարձ կար նաև լեզվաբանությանը, պատմությանը, ռազմահայերնասիրական հարցերին և այլն:

Բացի այդ, նրա խոսքով,ամսագիրը մեկ օրինակով բաժանվում էր նաև ավագ դպրոցներին. «Կրթության նախարարը մի օր, պարզապես ֆեյսբուքյան ստատուսի միջոցով որոշեց, որ ամսագիրն այլևս պետք չէ, անգամ մեզ չէին էլ նախազգուշացրել այդ մասին: Բայց արդյո՞ք կարելի էր միակողմանի դադարեցնել պայմանագիրը, երևի իրավաբանորեն հնարավոր էր հստակ պատասխանել, սակայն ոչինչ չարեցինք: Գուցե ամսագիրը քաղաքականապես ձեռք չէր տալիս. Հայրենակենտրոնության փոխարեն այժմ առաջարկվում է հանդուրժողականություն»,- ասաց նա:

«Անդին» ամսագրի երիտասադրական բաժնի խմբագիրը նաև հաղորդեց, որ գրողները հնարավորություն ունին որևէ տեղ գրական մամուլում տպագրվել, կար ընտրության հնարավորություն, այսօր միայն «Գարուն» ամսագիրն է, այն էլ երևի տարվա մեջ 2-3 օրինակ է տպագրվում:

««Անդին» կայքն արդեն 6 տարի գործում է, սակայն ամսագիրը այլ ձևաչափ է, կայքը` այլ: Բացի այդ, «Անդին» բաժանորդագրվել էին նաև արտերկրում` ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, մենք նրանց ևս չկարողացանք համարներ ուղարկել, և շուրջ 15 հոգի զրկվեցին բաժանորդագրությունից: Բաժանորդագրությունից զրկվեցին նաև Հայաստանի մեր բաժանորդները, և մենք նրանց բարոյական իմաստով պարտք ենք»,- ընգծեց նա:

«Անդին» ամսագրի խմբագրակազմը փորձում է այժմ ֆինանասներ գտնել 2018թ-ի չհրատարակված 6 ամիսների ամսագրերի փոխարեն մեկ ծավալուն ամսագիր ունենալ` 600 օրինակով:

«Այսօր, կարելի է ասել, մենք գրական-գեղարվեստական ամսագիր չունենք, խոսքս ամեն ամիս լույս տեսնող պարբերաբականի մասին է: 1992թ-ից հետո էր նման իրավիճակ: Ավելի շատ շեշտը դրվում է քաղաքականության վրա, գրական դաշտը նեղացել է, կարծես թե մշակութային կյանքը ևս այնպիսին չէ, ինչպես նախկինում էր, մշակութային կյանքում անկում կա. այժմ կարծես թե մաշկույթի ժամանակ չունեն»,- շեշտեց Անի Տեր-Գուլանյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից