Հասարակություն 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը՝ Ամուլսարի մասին

analitik.am

«Հայաստանում հանքարդյունաբերության և հատկապես Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը:

Առանց մասնագիտական գիտելիքների և տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու անկառավարելի գործընթացի:

«Ժառանգություն» կուսակցությունը հույժ մտահոգված է ստեղծված իրավիճակով և արձանագրում է, որ պետությունը հապաղում է բավարար և համակարգված քայլեր գործադրել հանքարդյունաբերության և բնապահպանության խնդիրները հանգուցալուծման մասնագիտական մակարդակ տեղափոխելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ իշխող ուժի կառավարման համակարգի ճգնաժամը գնալով խորանում է, որի մասին քանիցս ահազանգել ենք:

Ցավոք, խորհրդարանը, որը պետք է դառնար նման հիմնահարցերի հանգուցալուծման և կոնսենսուսի ձևավորման քաղաքական ատյան, չի կարողանում իրականացնել այդ դերակատարությունը, որի պատճառով կրքերը գերակայում են գաղափարներին ու տեղափոխվում փողոց և հրապարակներ:

«Ժառանգություն»-ը իշխանությանը, Հայաստանի ողջ քաղաքական ու քաղաքացիական հանրությանը հիշեցնում է մեր ոչ հեռու անցյալի այն չարագուշակ դեպքերը, երբ մակերեսային, հուզազգայական պատկերացումներին տուրք տալով՝ մենք կանգնեցրինք ատոմակայանը, որի վերագործարկումը վիթխարի ժամանակ և միջոցներ խլեց՝ փրկելով Հայաստանի տնտեսությունը լիակատար անկումից, կործանեցինք «Նաիրիտը» և մեր ողջ հզոր քիմիական արդյունաբերությունը, որն այդպես էլ չենք կարողանում ոտքի կանգնեցնել:

Հայաստանի արդյունաբերական ներուժի զարգացումը բոլոր ոլորտներում մեր ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչներից է, ինչպես նաեւ բնության ու ազգի առողջության պահպանության հրամայականը, ուստի «Ժառանգությունը» պատրաստակամություն է հայտնում հանրային բոլոր ուժերի հետ՝ և մասնագիտական, և քաղաքական, նախաձեռնել հանրային քննարկում, իսկ խորհրդարանական տիրույթից համապատասխան նախաձեռնության դեպքում մասնակիցը լինել խորհրդարանական լսումներին, որի ընթացքում պետական կարևորագույն հարցերը զգայական դիմակայությունից կբերվեն լուրջ վերլուծությունների հարթակ տեղական և միջազգային փորձի համադրմամբ՝ առանց վնասելու մեր համերաշխությանը ժողովրդավարական զարգացումների ուղիով ընթանալու և արդյունաբերական հզոր Հայաստան ունենալու մեծ նպատակին:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ միայն հավասարակշռված պետական քաղաքականությամբ, մասնագիտական ներուժի համախմբմամբ փոխըմբռնման մթնոլորտում մենք կփրկենք Հայաստանի և՛ բնությունը, և՛ արդյունաբերությունը հին կործանարար սխալներից ու նոր թյուրըմբռնումներից:

«Ժառանգություն»

Նույն շարքից