Քաղաքականություն 

Էլեկտրաէներգիայի արտահանման եռակողմ ֆորմատը կվերաձևակերպվի քառակողմի. փոխնախարար

analitik.am

Էլեկտրաէներգիայի արտահանման համար Հայաստանն ունի նպաստավոր պայմաններ. այս մասին այսօր «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե կա՞ ուսումնասիրություն՝ էներգիայի արտահանման համար նպաստավոր պայմաններ կա՞ն, թե ոչ և արդյոք կան նախնական բանակցություններ համապատասխան երկրների հետ։ ԲՀԿ պատգամավորը նաև խնդրեց ներկայացնել հնարավոր զարգացումները, որոնք կարող են առաջանալ օրենքների փոփոխության հետևանքով։

«Պայմանավորվել ենք՝ եռակողմ ֆորմատը, որ ունեինք՝ Վրաստան-Իրան-Հայաստան, վերաձևակերպելու քառակողմ ֆորմատի և պայմանավորվել ենք մոտակա ժամանակներում այդ աշխատանքները սկսել։ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց շահագրգռված է այդ ուղղությամբ»,-հայտարարեց փոխնախարարը և նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է Այրումում 1000 մեգավատ հզորության ենթակայան կառուցել, որն իրականացվելու է երեք փուլով՝ գերմանական կողմի ֆինանսավորմամբ։

Նա հիշեցրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ Հայաստանը էլեկտրաէնեգիայի համակարգերի համատեղ շահագործման և տարբեր հնարավորությունների օգտագործման ֆորմատներով աշխատում է և արդեն փորձ է արվում աշխատել նաև ՌԴ-ի հետ։

«Անկախ նրանից, թե Վրաստանն ինչ հարաբերություն ունի Ռուսաստանի հետ, զուգահեռ, սինխրոն ռեժիմում շարունակում են աշխատել ՌԴ-ի հետ։ Հիմա ՀՀ-ին հնարավորություն է տրված էլեկտրաէներգիան երկու ուղղությամբ ՌԴ-ի հետ փոխանակումներ կատարել և նաև ՌԴ-ից ձմեռվա ռեժիմներով վերցնել էլեկտրաէներգիա»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Վրաստանն ու ՌԴ-ն արդեն պայմանավորվածություն ունեն Կազբեկի միջանցքով երկրորդ 500 կիլովոլտ գիծը կառուցելու համար։

«Դրանով իրենք ստեղծում են էլեկտրական շղթա և իրենք հզորացնում են իրենց կապերը Թուրքիայի հետ, հիմա 1000 մեգավատանոց էլ կառուցել են Ախալցխայի կողմերը։ Այս բոլոր գործողությունները հնարավորություն են տալիս մեր երկիրը նաև դիտարկել տրանզիտ երկիր։ Դրանով շահգրգռված է նաև Իրանը, հյուսիս-հարավ այս միջանցքը օգտագործելու համար»,-նշեց նա։

Արեգ Գալստյանը նշեց, թե տնտեսական էֆեկտն այս պահին դժվար է գնահատել և ապա նկատեց, որ ՀՀ-ի նման ենթակայան ունենալը նաև ունի ռազմավարական նշանակություն։

Նույն շարքից