Քաղաքականություն 

ԱԺ պատգամավորներն Օլանդի այցի վերաբերյալ

analitik.am

Ֆրանիսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ: Իրականում ի՞նչ է շահում այս հանդիպումից Հայաստանը, փորձեցինք ճշտել ԱԺ տարբեր ֆրակցիաների պատգամավորներից:

 

 

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան.

 

 

-Ցանկացած մեծ երկրի ներկայացուցչի այցը Հայաստան առաջ է քաշում Հայաստանն աշխարհի քարտեզի վրա երևալը, քանի որ ոչ միայն հայկական մամուլն է այդ հանդիպումների մասին գրում, այլ նաև բնականաբար ֆրանսիականը:

 

 

Գիտենք, որ եղան համապատասխան հայտարարություններ այն մասին, որ Հայաստան-Եվրոպա հարաբերությունները պետք է շարունակվեն, պետք է գտնվի այն մեխանիզմը, որը կօգնի հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Նկատենք նաև, որ Օլանդն իր հետ բերել է մի մեծ բանակ բիզնեսմենների,  ովքեր ներդրումային ծրագրեր են քննարկում: Շատ լավ կլինի, եթե այդ բիզնես ծրագրերը կյանքի կոչվեն: և վերջին հաշվով Օլանդը խոսել է ԼՂ-ի հակամարտության հարցի խաղաղ կարգավորման մասին: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հայտարարություն է, որն էլ պետք է հաշվի առնվի:

 

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան.

 

-Եթե հիշենք, թե Ֆրանսիայի նախագահները քանի անգամ են եկել Հայաստան և ինչ է Հայաստանին տվել այդ այցելությունները, ապա կկարողանանք ասել նաև, թե այս անգամ ինչ կտա: Համարում եմ, որ սա պետական պաշտոնական այց է, որը պայմանավորված չէ կոնկրետ նրանով, թե ով է երկրի նախագահը: Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի անձով պայմանավորված չէ այցը և նրա ջանքերով չէ, որ պետական այցն իրականացվել է: Դա Ֆրանսիա-Հայաստան բարեկամական հարաբերություններն են, որը եղել է և հույս ունեմ դեռ երկար կշարունակվի: Զուտ օրակարգային տեսակետից դիտարկելուց, կարող եմ նշել, որ պարզ է, երբ նախագահը պետական պաշտոնական այցով մեկնում է մի երկիր և բիզնեսմեններ են լինում, և գիտնականներ, և լրագրողներ: Իրենց համար հավանաբար դաշտն ուսումնասիրելու խնդիր կար, որոշ չափով ներդրումներ կատարելու և բարեկամությունն էլ ավելի նյութական դարձնելու և ամրապնդելու համար: Սակայն ես չեմ կարծում, որ հայ ժողովրդի կյանքում ինչ-որ փոփոխություն տեղի կունենա այս այցի շնորհիվ: Եթե այցը զուգահեռ պայմանավորենք նաև Շառլ Ազնավուրի համերգով, ապա պարզ կդառնա, որ այցը նպատակ էր հետապնդում նաև ներկա գտնվել այդ համերգին: Օլանդի այցը վերաբերում էր հայ ժողովրդին և հայոց պետականությանը, ավելին ակնկալելու կարիք չկա:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյան.


Էկեք էտ հարցերն ինձ մի տվեք, դե հիմա մարդ ա եկել ա էլի, յանի դուք    չգիտե՞ք  խի ա եկել: Պաշտոնական այցով եկել ա:

 

 

-Որպես քաղաքական գործիչ ձեր տեսակետն է հետաքրքրում:

 

 

-Ես քաղաքական գործիչ չեմ, ես ընդամենը պատգամավոր եմ ու իմ ժողովրդին հարգող և սիրող մարդ եմ:

 

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյան.



-Ես տվյալ այցին հրավիրված չեմ եղել, չեմ էլ մասնակցել, դա ընդամենը պետական այց է: Ես կամ դուք ի՞նչ կապ ունենք դրա հետ: Երբ որ կհրավիրվենք, կքննարկենք, բան կասենք, բան կլսենք նոր դրա վերաբերյալ տեսակետ կհայտնեմ:

 

 

Լիլիթ Կարապետյան

 

Նույն շարքից