Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 18, ձեռնպահ 29 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, որ իրենք նախագծի վերաբերյալ առաջարկ են ներկայացրել, ըստ որի` կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցել չցանկացող քաղաքացիներն ուղղակի դիմում չգրեն և այդպիսով հրաժարվեն մասնակցությունից, որը չի ընդունվել կառավարության կողմից: «Հաշվի առնելով, որ մեր առաջարկը չի ընդունվել՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՕԵԿ-ը դեմ կքվեարկի նախագծին»,- ասաց Մարգարյանը:
Այսուհետ գործատուները պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում կազատվեն տույժերից և տուգանքներից: Միաժամանակ, քաղաքացիները կարող են կամավոր հրաժարվել կուտակային կենսաթոշակային մասնակցելու պարտավորությունից՝ գործատուին դիմում գրելու եղանակով: Այն քաղաքացիները, որոնց պարտադիր վճարները պահվել են, սակայն ֆոնդերին չեն փոխանցվել, գործատուին դիմում գրելու եղանակով կարող են հետ ստանալ իրենց գումարները: