Բարև սիրելի Պողոս, որ բազմամարդ ընտանիք ունես ու քո բազմամարդ ընտանիքով մեկ տարի առաջ փողոցներ էիր փակել, մերժելով նախկին հանցավորներին ու քո բազմամարդ ընտանիքը հավատում էր, որ այսուհետ ինքն է երկրում միակ իշխանությունը և քո բազմամարդ ընտանիքի ձայնն այլևս աղբ ու «ատխոդ» չի, ինչպես եղել է երկար, շատ երկար տարիներ:
Հիմա , իմ հարգարժան Պողոս, պարզվում է, դու ու քո բազմամարդ ընտանիքը անգրագետ եք ու էդ դուք ո՞վ եք, որ «գլխաքանակային» առավելություն ունենալով, հանկարծ որոշեք Ամուլսարի ճակատագիրը:
Դուք, իմ հարգաժան Պողոս ու պողոսներ, ձեր գործառույթը մեկ տարի առաջ արդեն կատարել եք, երբ դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էիք, որին գրկում ու համբուրում էին և ով հավատում էր, որ ինքը այլևս անդառնալիորեն հպարտ է ու անդառնալիորեն քաղաքացի:
Հիմա, իմ բազմամարդ ընտանիքի հայր Պողոս, պարզվում է, ինչպես հայտարարեց իշխանության մի բավականին բարեկիրթ ներկայացուցիչ, դու անգրագետ ես, քո ընտանիքը անգրագետ է և չի կարելի թույլ տալ, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի հպարտ քաղաքացի Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը Ամուլսարի հարցում որոշում կայացնի:
Ահա այսպես, իմ բարեկամ Պողոս:
Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր Պողոս:
Բարևներ բազմամարդ ընտանիքիդ` իմ լավ Պողոս:
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Պողոսը ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի նամակի հարևան անգրագետ Պողոսն է: