Քաղաքական 

Թուրքիան և Իսրայելը համաձայնագիր կստորագրեն

Թուրքիան և Իսրայելը որոշել են արդեն մի քանի տարի տևող լարված հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Ինչպես հաղորդում է Times of Israel թերթը, համաձայնագիրը, որը վերջ կդնի թուրք-իսրայելյան քառամյա երկպառակությանը, կստորագրվի Ճապոնիայից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերադարձից անմիջապես հետո:

 

Իսրայելյան թերթը հայտնում է, որ կողմերը պայմանավորվել են բոլոր վիճելի հարցերը լուծելու, մասնավորապես, «Մավի Մարմարա» նավում զոհված 9 թուրքերի ընտանիքներին 20 մլն դոլար փոխհատուցում վճարելու շուրջ:

 

2010 թ. մայիսի 31-ին Գազա ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով թուրք քաղաքացիների զոհվելու միջադեպի համար Նեթանյահուն ափսոսանք էր հայտնել դեռ անցյալ տարի: Թուրքական կողմը Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու մասին հարցը չի մտցրել ստորագրվելիք համաձայնագրի կետերի մեջ, ինչի մասին պնդում էր 4 տարի շարունակ: Ենթադրվում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո, որպես մերձեցման առաջին քայլ, Անկարան և Երուսաղեմը  դեսպաններ կփոխանակեն:

 

Թերթը հայտնում է, որ թուրքերն ավելի շատ են ձգտում շուտափույթ հաշտվել, քան իսրայելցիները, և հավելում, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստ է դեսպանին Թել Ավիվ ուղարկել արդեն պայմանագրի ստորագրման հաջորդ օրն իսկ: Դա հաստատում է նաև վերջին շրջանում Իսրայելի նկատմամբ Անկարայի համար անսովոր զսպվածությունը վերջերս իսրայելա-պաղեստինայն բանակցային գործընթացի տապալումից հետո: Իսրայելը չեղյալ է հայտարարել պաղեստինցի կալանավորների ազտաումը, շարունակում է Երուսաղեմի արևելյան հատվածում շինարարությունը և հրաժարվել է շարունակել բանակցությունները «Համաս» և «Ֆաթհ» կազմակերպությունների հաշտվելուց հետո, ինչը ողջունել էր Անկարան:

 

Նույն շարքից