Քաղաքականություն 

Փաշինյանի յարխուշտան՝ Ստեփանակերտում

analitik.am

Նախօրեին կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

Նշենք, որ Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և այս երկու կազմակերպություններին գումար է փոխանցվել քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերելու պատրվակով:

Նշենք նաև, որ այս երկու կառույցները դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն են հայտնել և կառավարությունը, որպես բարի կամքի դրսևորում, այդ երկու կազմակերպություններին հատկացրեց 33 միլիոն 680 հազար դրամ:

Հավելենք, որ վարչապետը հայտարարեց, թե ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Այսինքն, ըստ վարչապետի, կասկածի տակ է դրվում մինչ այս ընտրությունների միջոցով Արցախի ժողովրդի ազատ կամքը, ուստի կամ ընտրություններ են կեղծվել, կամ էլ ստեղծվել է ոչ ժողովրդավար պետություն:

Այս երկու միտումներն էլ վտանգավոր են Արցախի համար: Արցախը միշտ էլ աշխարհին ներկայացել է և որպես ազատ և ժողովրդավար պետությունը՝ հակադրվելով Ադրբեջանի ավտորիտար իշխանական կառուցվածքին և միշտ հպարտացել է ժողովրդավարության ասպարեզում երկրի ձեռքբերումներով, որով էլ միջազգային հանրությանն է ներկայացել: Սակայն, այսօր կառավարական մակարդակով հենց Հայաստանից հայտարարվում է, որ այդպիսի բան չի եղել, և պարզվում է, որ կառավարության ղեկավարը ջուրն է լցնում հարևան-հակառակորդի ջրաղացին:

Իսկ ինչո՞ւ է վարչապետը նման հայտարարություն անում, չէ՞ որ կարելի էր այս երկու՝ Սորոսի կողմից ֆինասնավորող կազմակերպությունները, սահուն խցկվեին Արցախի ընտրություններ, սակայն պարզվեց, որ պոչից նաև հայտարարություն պետք է անել՝ քաղաքական մեսիջը տեղ հասցնելու համար:

Ի դեպ, ինչպես ԹՀԻԿ-ը, նաև Իրազեկ քաղաքացիների միավորումը գումարի կարիք չունեն, իր գործունեության 4 տարիներին ԻՔՄ-ն տարբեր հիմնադրամներից՝ հիմնականում  Սորոսի հիմանդրամից, ստացել է մոտ 600 000 դոլարի դրամաշնորհ, այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը գումար տրամադրում:

Ի դեպ, տեղին է հիշել, որ 2018 թ-ին կրթության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով մեկ հայտարարեց, որ 45 մլն դրամ է ստացել Անդին ամսագիրը՝  դադարեցնելով ֆինանսավորումը:

Կառավարությունը ֆինանսավորում է Սորոսի կողմից կողմից հովանավորվող կազմակերպություններին՝ 33 մլն դրամ տրամադրելով, բայց միևնույն ժամանակ որոշում փակել  ժամանակակից հայ հեղինակների միակ ամսագիրը, որը նաև ուղարկվում  էր դպրոցներ:  Փաշինյանը հայտարարել էր, որ ամեն ինչ անելու են, որ տաղանդավոր մարդկանց պահեն երկրում: Հայտարարությունն արվեց, բայց ժամանակակից գրողների միակ ամսագիրը փակվեց:

Սա դեռ  ամենը չէ, Արայիկ Հարությունյանի տեղակալը՝ Արևիկ Անափիոսյանը, որը Դանիել Իոաննիսյանի հետ միասին 400 000 եվրո էր ստացել Սորոսի հիմնադրամից, դադարեցրեց նաև «Հայ ասպետ» կրթամշակութային ծրագրի ֆինանսավորումը, որը   նախատեսված էր դպրոցականների համար և այժմ այդ բացը որևէ հաղորդաշար չի լրացրել, քանի որ միտում էլ չկա զարգացնելու հայերենագիտությունը, բարձրացնելու երեխաների մոտ հայրենասիրության գիտակցման աստիճանը:

Ամեն կերպ փորձ է արվում հանել ազգայինը, հայրենասիրականը. ԵՊՀ-ում էլ կրճատել են Հայոց պատմություն առարկայի դասաժամերն,  իսկ քննական առարկան դարձել է ստուգարք: Արձանագրենք նաև, որ այս տարի դիմորդներն ամենացածր գնահատականները ստացել էին հենց հայոց լեզու առարկայից, որը նույնպես  ահազանգ է:

Հայագիտությունն ուժեղացնելու փոխարեն ֆինանսավորվում են կասկածելի ծագում և գործունեություն ունեցող կազմակերպությունների, որոնց նպատակները մեր երկրում միանշանակ չեն, իսկ հայերենագիտությունը, ազգայինը, պետության շահը  մղվել է վերջին պլան՝ առաջին տեղը զիջելով  քաղաքական շահին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից