Հասարակություն 

71 հարկ ունեցող երկնաքեր Երևանում. Քննարկվել է խոշոր համալիր կառուցելու հայեցակարգը

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։

Նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են  Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ  շինարարական աշխատանքները՝ 5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։

Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն  առաջարկվում է ստեղծել  և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի: Ընկերության ղեկավար Մերի Մկրտչյանի  խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքություն։

Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։

«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։

Նույն շարքից