Հասարակություն 

Դատավորների մասին նախագծով ընտրված լուծումների մի մասը հակասում են Կառավարության ծրագրային քաղաքականությանը. Նախկին փոխնախարար

analitik.am

«ՀՀ Կառավարության ծրագրից ուղղակիորեն բխող երեք ելակետային գաղափար, որոնք որևէ կերպ արտացոլված չեն Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված դատավորների բարեվարքության գնահատման այսպես կոչված «նոր կառուցակարգեր» սահմանող օրենքների նախագծերի փաթեթում:

1.Արհեստավարժներով հագեցած դատական համակարգի ապահովում.

2.Դատավորների մասնագիտական ունակությունների բարձրացում.

3.Դատավորների կողմից անձնական շահագրգռվածությամբ առաջնորդվելու հնարավորության բացառում»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:

«Հիշյալ նախագծով ընտրված լուծումների մի մասն անգամ ուղղակիորեն խախտում է նշված գաղափարները՝ հակասելով Կառավարության ծրագրային քաղաքականությանը: Նախագծում հիշյալ գաղափարների անմիջական իրացմանը միտված որևէ էական ինստիտուտ, բացի թերևս շահերի հայտարարագրման պարտավորության նախատեսումից, սահմանված չէ: Ստեղծված իրավիճակում ընդունելի միակ լուծումը նախագծի գործող տարբերակը պարզապես շրջանառությունից հանելն է այն արմատապես փոփոխելու հեռանկարով:

Բացի այդ, ակնհայտ է, որ նշված նախագիծը պետք է մշակվի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հաստատումից հետո՝ համադրվելով դրանում ենթադրաբար նախատեսվելիք այլ կարգավորումների հետ: Ակներև է միայն, որ այս տեսքով դրա ընդունումը ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Կառավարության ծրագրին, այլ նաև խաթարում է դրա հիմքում դրված տրամաբանությունը»,-գրել է նախկին պաշտոնյան:

Նույն շարքից