Հասարակություն 

Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի է. ՀԴԿ հայտարարությունը

analitik.am

ՄԻ ԿԱԹԻԼ ՑԻԱՆԻԴՆ Ի՞ՆՉ Է ՈՐ…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի շարք գիտական ուսումնասիրությունների եզրակացությունները վերլուծելուց, մասնագետների (երկրաբաններ, բժիշկներ, իրավաբաններ, բնապահպաններ) հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի է:

Դատապարտելով նախորդ իշխանությունների կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը ընդերքի օգտագործման թույլտվություն տալու որոշումը և պահանջելով դրա պատասխանատուների՝ առնվազն բացատրություններ տալու անհրաժեշտությունը, միաժամանակ գտնում ենք, որ թավշյա հեղափոխության հռչակած նպատակներից է՝ չշարունակել նախկինների արատավոր քաղաքականությունը, շտկել թույլ տված սխալները, կասեցնել այն հանքերի գործունեությունը, որոնք չեն ապացուցել ընդերքի անվտանգ շահագործումը:

Պնդում ենք՝

«Էլարդ»-ի ուսումնասիրությունները, մասնագետների համոզմամբ, ավելի շատ բացասական գնահատականներ են արձանագրում, քան՝ դրական:

«Եզրակացության» փոխարեն «Էլարդ»-ի փորձագետները հրապարակել են «Մեմորանդում» անունով փաստաթուղթ, որը պատասխանատվությունից ազատում է նրանց:

Երկրաբանական հետազոտությունների արդյունքները կասկած են հարուցում, քանի որ չեն բացահայտում ռադիոակտիվ ճառագայթման հնարավոր մակարդակը առանձնահատուկ պաշարների բացահայտման պարագայում:

Անընդունելի և դատապարտելի են իշխանության ներկայացուցիչների «փաստարկներն» առ այն, որ եթե անգամ թունավոր (ցիանիդով և այլ ծանր մետաղներով աղտոտված) ջրերը հասնեն Սևան, ապա նրանք արագ կչեզոքանան լճի ծավալի հաշվին: Ստիպված ենք խորհուրդ տալ նրանց ամեն օր ջուր խմելիս մի կաթիլ թունավորված հեղուկ ավելացնել ջրին: Տեսնես արդյունքն ինչպիսի՞ն կլինի:

Սին են այն պնդումները, թե ընկերությունը դիմելով Արբիտրաժային դատարան, խոշոր գումար կպահանջի ՀՀ Կառավարությունից: Փաստն այն է, որ Լիդիանը վաղուց բաց է թողել հանքը շահագործելու պաշտոնական թույլտվության ժամկետը:

Մերժում ենք նաև այն հայտարարությունները, որ խոշոր ներդրումի պայմաններում արգելելով ընկերության գործունեությունը, մեծ վնաս կհասցնենք մեր տնտեսությանը: Ոչ մի ներդրում, ոչ մի շահույթ չի կարող փոխհատուցել բնությանը և մեր քաղաքացիների առողջությանը հասցրած մի նոր արհավիրքի հետևանքները:

Հարգելի հայրենակիցներ, ձեր քաղաքացիական պարտքը համարեք պահանջել ստորագրությամբ անհատական պատասխանատվություն կրելու բոլոր այն պաշտոնյաներից, ընդհուպ՝ վարչապետից, ովքեր կողմ կքվեարկեն Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալուն:

 

ՀԴԿ Հանրաետական խորհուրդ, 23.08.2019թ.

Նույն շարքից