Հասարակություն 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ԻԻՀ դեսպանի հետ հանդիպել է ոչ պատշաճ հագուստով

analitik.am

Նախօրեին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր աշխատասենյակում ընդունել էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Նշենք, որ ԻԻՀ դեսպանը շուտով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

Գեղամ Գևորգյանը հանդիպմանը ներկայացել է ջինսե տաբատով և կարճաթև վերնազգեստով: Արդյո՞ք պաշտոնական հանդիպումների ժամանակ, երբ դեսպան և պաշտոնատար անձ են հանդիպում, թույլատրվում է կոստյումից բացի այլ հագուստ:

Analitik.am-ի հարցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը պատասխանեց՝ ոչ, եթե պաշտոնական հանդիպում է, ապա անհրաժեշտ է կոստյում և փողկապ կրել, իսկ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ պարտադիր չէ:

«Եթե պաշտոնական է հանդիպումը, պետք է անպայման կոստյում լինի, եթե դեսպանը հանդիպում է պաշտոնատար անձի հետ, կոստյում կրելը պարտադիր է, իսկ եթե չի կրում, համարվում է դիվանագիտական էթիկայի խախտում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ պաշտոնատար անձի պաշտոնական հանդիպման ժամանակ ոչ պատշաճ հագուստը չի կարող դիվանագիտական սկանդալի պատճառ լինել, ուղղակի մյուս կողմը կարող է դիվանագիտական նոտա հղել և բացատրություն պահանջել, թե ինչն է պատճառը:

«Ոչ պատշաճ հագուստ կրելը նաև կարող է որպես անհարգալից, անլուրջ վերաբերմունք դիտվել»,- ընդգծեց Գեղամ Պետրոսյանը:

Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի և ԻԻՀ դեսպանի հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

Analitik.am-ի հետ զրույցում նա ռեկտորի պաշտոնական հանդիպմանը հարիր ոչ պատշաճ հագուստի վերաբերյալ նշեց, որ հանդիպման մասին իմացել են դրանից մեկ ժամ առաջ. «Ժամը 2-ին զանգել և հանդիպում են խնդրել»,- ասաց Ա. Իսրայելյանը՝ հավելելով, որ սովորաբար նման հանդիպումների համար նախօրոք են պայմանավորվում, համաձայնեցնում: Նա ենթադրեց, որ ԻԻՀ դեսպանը շտապել է և այլ պայմանավորվածություններ ևս ունեցել, դրա համար շտապ հանդիպում է խնդրել:

Հ.Գ. Պաշտոնատար անձինք աշխատասենյակում ունենում են համապատասխան հագուստ` հանպատրաստի հանդիպումների համար: Չէ՞ որ նման շտապ հանդիպումներ կարող են նշանակվել թե՛ միջազգային կառույցների կողմից, թե՛ կառավարական մակարդակով:

Ի դեպ, իրեն հարգող ԲՈՒՀ-երի ղեկավարները ևս աշխատանքի ներկայանում են համապատասխան դրես-կոդով, այն է՝ կոստյումով կամ առնվազն կրում են մուգ տաբատ և բաց վերնաշապիկ, ոչ թե Մայր ԲՈՒՀ են գալիս ջինսով և զբոսանքի վերնազգեստով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից