Քաղաքական 

Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն խորացնել համագործակցությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային: Ինչպես analitik.am -ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ:

 

Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և  բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ դեսպանի, լավ հիմք է հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի և առաջընթացի համար: Պարոն Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ գործակցությունը:


Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացումը պետք է բխի 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնա­ժողովի շրջանակում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունից: Այն վերահաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվ համագործակ­ցություն շարունակելու վերաբերյալ կողմերի հանձնա­ռությունը և ԵՄ-Հայաստան քաղաքականության գործողությունների ծրագրի արդիա­կանացման անհրաժեշտությունը:

Նույն շարքից