Հասարակություն 

Մալաթիայի «Վեգա» խանութում և պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 6-ի. 2-ն այրվածքաբանական կենտրոնում են

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Երևանում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժածների թիվը հասել է 6-ի: Ավելի վաղ, ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էին 3 տուժածի մասին։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։

Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

Ավելի վաղ, ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 3 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից