Քաղաքական 

Բնապահպանության նախարարությանն ու IUCN-ն ընդլայնում են համագործակցության եզրերը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` մայիսի 19-ին, ընդունել է Բնության պահպանության համաշխարհային միության /IUCN/ Նիդերլանդների պատվիրակության ներկայացուցիչներին՝ IUCN Նիդերլանդների կոմիտեի դրամաշնորհների ծրագրերի համակարգող Մարկ Հոխեսլախի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Նիդերլանդների ԲՊՄՄ արտաքին կապերի մասնագետ Ջեմմա Սփանը, բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» /ՎԼԹ/ ընկերության տնօրեն Ջոն Բարթոնը, ՎԼԹ խորհրդի անդամ, «Թայմս» պարբերականի թղթակից Բարնս Սայմոնը, և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

 

 Մարկ Հոխեսլախը ներկայացրել է IUCN-ի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես, տեղեկացնելով, որ վերջերս կառույցը կատարել է շուրջ կես միլիոն եվրոյի ներդրում Իրանի հանրապետության պահպանվող տարածքներում՝ հյուրը կարևորել է IUCN-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները: Մարկ Հոխեսլախը շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ նկատել է, որ Արամայիս Գրիգորյանն իր վրա է վերցրել լուրջ մարտահրավեր, և իրենք պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան:

 

Հյուրերը տեղեկացրել են, որ IUCN-ն աջակցել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» /FPWC/՝ 10 տարի ժամկետով վարձակալել 430 հա տարածք Արարատի մարզի Ուրցաձորի համայնքի հարակից տարածքի վտանգված կենսաբազմազանության պահպանությունն իրականացնելու համար: Կազմակերպությունը նախատեսում է նաև ծրագրեր իրականցնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ դեռ հատուկ պահպանվող տարածքներ չկան:

 

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, շեշտելով, որ նախարարությունը շահագրգռված է կազմակերպության հետ համագործակցության ընդլայնման հարցում, խոստացել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ քննարկել IUCN-ն կազմակերպությանն անդամակցելու հարցը: Նախարարը նկատել է նաև, որ IUCN-ի կողմից կենդանիների միգրացիոն տարածքների վարձակալությունը և պահպանությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանը, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների որոշ մասի լուծմանը, քանի որ վարձակալվող տարածքները գտնվում են համայնքային սեփականության գոտում:

 

Երկուստեք շնորհակալություն հայտնելով ջերմ և արդյունավետ հանդիպման համար՝ կողմերը պայմանավորվել են խորացնել և էլ ավելի բարձր մակարդակի հասցնել համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության և IUCN-ի միջև:

Նույն շարքից