Հասարակություն 

Առաջարկել է սպասել. ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը մոտիվացիայի կորուստ ունի

analitik.am

ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ,

գերհոգնածության և մոտիվացիայի ժամանակավոր կորստի պատճառով մի պահ մտածում էի նույնիսկ միառժամանակ դադարեցնել դասախոսական աշխատանքս ՀՊՏՀ-ում։ Ստանալով բազմաթիվ առաջարկներ տարբեր ոլորտներից՝ բոլորին եմ խնդրել, որ սպասեն։

Մոտիվացիայի կորուստը հիմնականում պայմանավորված է այն աննախադեպ խտրականությամբ, որի հետևանքով կարևորագույն գործընթացներին մեծ հարված հասցվեց։ Սելեկտիվ արդարությունն ամենամեծ անարդարությունն է։ Պնդել ու պնդում եմ, որ, այդ դարակազմիկ բացահայտումներով և հանճարեղ հանձնաժողովներով հանդերձ, իմ աշխատանքը լավագույններից էր այդ կոռումպացված խորհուրդներում ու ամբողջապես փտած 0-ական համակարգում, քչերից մեկը, որի հիմնական արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրում։ Եվ ո՞րն է լինելու լուծումը, երբ հիմա հերթով ու մեծ շուքով սկսեցին բացահայտվել ոլորտի բոլոր ատենախոսություններում առկա խնդիրները (շատ ավելի լուրջ խնդիրները): Առանց ընդհանուր կոնտեքստը գիտակցելու և առանց համեմատության՝ բացառապես իմ դեմ նման գործընթաց սկսելն ու դրա հիմքով որոշումներ կայացնելը պարզապես չգիտակցված դավաճանություն էր ապագայի նկատմամբ (վստահ եմ, որ չգիտակցված)։ Եվ սա ես ասում եմ երրորդ անձի աչքերով՝ իրականում չմտահոգվելով ինքս ինձ համար։ Այդ նույն համակարգն արդեն սկսել էինք ամբողջությամբ մաքրել։

Թեև, հիասթափված լինելով շատերից, ես ոչինչ չեմ նախաձեռնել, բայց սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսանողներին, շրջանավարտներին և սրտացավ մարդկանց, ովքեր, գնահատելով իմ՝ խելագարության հասնող նվիրումը, սկսել են այս մեծ և ինքնաբուխ պայքարը՝ անկախ դրա հետագա արդյունքից։ Դուք իսկապես հզո’ր եք, և ես հպարտ եմ ձեր պայքարով: Դուք եք պատճառը, որ ես ինձ հաղթած եմ համարում կամայական սցենարի դեպքում, և դա մեր համատեղ հաղթանակն է, իսկ ավելի ճիշտ՝ հաղթանակների սկիզբը:

Հայտնի սառցաբեկորը փշրելուն զուգահեռ՝ այսքան մեծ քանակությամբ և այսպիսի որակի իրական մասնագետների ՀՊՏՀ հրավիրելը, որոնց մեծ մասը նախկինում համալսարանին մոտ անգամ չէր ուզում գալ, ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք էր. համոզել, մոտիվացրել և ներգրավել ենք բոլոր հնարավոր և անհնարին եղանակներով։

Բնականաբար, չեմ պատրաստվում այս արդյունքը ջուրը նետել և հակառակ գործընթացներ նախաձեռնել՝ ի հեճուկս ոմանց երևակայության և իրենց իսկ արժեհամակարգի։ Մեծ հույս ունեմ, որ, հակառակ բոլոր պնդումների, այս օրերին փորձ չի արվի մի շարք խայտառակ դասախոսների լսարան բերել և ապականել գործընթացը։

Հասկանում եմ նաև շատ գործընկերներիս հիասթափությունը, զայրույթը և հրաժարականների ալիքը, սակայն հուսով եմ, որ շատերը չեն հրաժարվի իրենց դասաժամերից։ Կենտրոնական բանկի հարգարժան գործընկերներիս ևս մեծագույն շնորհակալությունս եմ հայտնում մրցույթի միջոցով ՀՊՏՀ-ին միանալու հրավերս ընդունելու համար և անձամբ խնդրում եմ հնարավորության դեպքում, եթե որոշ անառողջ տարրերի վերադարձը բացառվի, վերանայել դասաժամերից հրաժարվելու որոշումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու համալսարանի ռեկտոր։ Սա կարևոր է, որ ոչ ոք հնարավորություն չունենա ոչ կոմպետենտ դասախոսներին հետ վերադարձնել։

Ուսանողները ոչ մի դեպքում չպիտի տուժեն»։

Նույն շարքից