Հասարակություն 

«Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Գյումրիի օրվա առթիվ.

Սիրելի՛ գյումրեցիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ հյուրեր,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ:

Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են:

Գյումրվա ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը գյումրեցու հետ միասին ձևավորում են քաղաքի կոլորիտը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այն ոչ միայն չկորչի, այլ դառնա ավելի գունագեղ և գրավիչ:

Իմ բոլոր այցելությունները Գյումրի ունեն հստակ նպատակ՝ ցույց տալ, որ Գյումրին ապրում է, ամեն ինչ անել, որ այնտեղ կյանքը դառնա առավել աշխույժ, լեցուն ու գրավիչ: Ցույց տալ Հայաստանի բազմազանությունը նաև Գյումրու օրինակով, որտեղ մեկ անգամ այցելելով՝ սիրտդ իսկապես կկպչի նրան:

Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում: Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով:

Սիրելի՛ գյումրեցիներ,

Դուք մի շատ լավ խոսք ունեք՝ «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան»: Պիտի այնպես անենք, որ լացի «պոյեզը» երբեք խնդումի «պոյեզի» հետևից չհասնի:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի:

Եվ ինչպես պոետն է ասում.

«Արագածին բազմած արծիվ,
Հավերժ կապրես, իմ քաղաք»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից