Քաղաքական 

Արցախի վարչապետը հանդիպել է Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների հետ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր` մայիսի 19-ին, հանդիպել է Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների հետ: Ինչպես  analitik.am-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով  ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է ծառայության աշխատանքը, որը ոչ միայն արձանագրում է փաստերը, այլև հնարավորություն է ընձեռում վերլուծել արդյունքները: Անդրադառնալով համակարգում կատարվող բարեփոխումներին` վարչապետը ընդգծել է դրանց արդյունքում  ծառայության և սուբյեկտների միջև կապի  ամրապնդման, ինչպես և ոլորտի աշխատակիցների ճիշտ վարքի դրսևորման անհրաժեշտությունը, քանի որ հասարակությունը երբեմն հավուր պատշաճի չի ընկալում համակարգի նշանակությունը: Ըստ նրա` բարեփոխումները կբերեն նաև ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային հաղորդակցման մեթոդի ներդրման:

 

Արա Հարությունյանի համոզմամբ`  աշխատանքները պետք է ուղղվեն ապագային, քանի որ այսօրվա բարեփոխումների արդյունքներ հիմնականում հետագա սերունդներն են տեսնելու:


Վարչապետը ծառայության աշխատակիցներին հանձնարարել է լրջորեն նախապատրաստվել 2015թ. նախատեսվող մարդահամարին և ներկայացնել առաջարկներ այդ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

 

Ոլորտի գործունեության 90-ամյակի կապակցությամբ նա մի խումբ աշխատակիցների պարգևատրել է վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով:

 

Շնորհակալություն հայտնելով գնահատականի և ուշադրության համար` Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսիյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել տնային տնտեսությունների հետազոտությանը, ինչը թույլ է տալու գնահատել երկրում առկա աղքատության մակարդակը և ստանալ դրանց տնտեսական ակտիվության բազմաշերտ պատկերը:

Նույն շարքից