«Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն այժմ աշխատում է «Մալաթիա մոլ» շենքի տարածքում, որտեղ երկու օր առաջ հրդեհ է բռնկել: Աշխատանքներ են տարվում հրդեհի պատճառները բացահայտելու համար»,- Analitik.am-ին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի պատասխանոտու Էդմոն Զարգարյանը:
Զարգարյանի խոսքերով, իրականացվում է տեղազննում, նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի պատճառը, ուսումնասիրության արդյունքներն ուղարկվելու են դատախազություն:
«Այնուամենայնիվ, հրդեհի պատճառները մենք չենք կարող ասել, բոլոր նյութերն ուղարկվելու են դատախազություն»,- շեշտեց նա՝ հավելելով, թե հայտնի է միայն, որ հրդեհը բռնկել է առաջին հարկից, իսկ թե ինչպես և ինչու՝ կպարզի քննությունը, և շատ հնարավոր է, որ մինչև օրվա վերջ նորություն լինի:
Էդմոն Զարգարայաաը նաև նշեց, որ այս պահին հրդեհը մարված է, տարածքում հերթապահություն են իրականցնում ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակցիները:
Նշենք, որ այս օրերին ԱԻՆ ստորաբաժանումները նաև լրացուցիչ են աշխատել և, ինչպես Սամվել Ալեքսանյանն էր խոստացել, փրկարարներին պատիվ է տալու «Ախթամար» ռեստորանում: Հետաքիրքիր է՝ բոլորի՞ն. ԱԻՆ համակարչգում երևի մի քանի հազար մարդ աշխատում է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:47 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:31 հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս հինգ մարտական հաշվարկ: Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:
Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Գոհար Ստեփանյան