Հասարակություն 

Եթե փորձագետների առաջարկած մեղմման միջոցները ձեռնարկվեն, բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի. ՔԿ-ն՝ Ամուլսարի մասին

Ամուլսարի հարցով քրեական գործը հարուցվել էր 2018 թվականի հուլիսի 20-ին՝ որոշ տեղեկություններ դիտավորյալ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, ով նաև Ամուլսարի շահագործման հարցով ձևավորված քննչական խմբի ղեկավարն է:

Իվանյանն ասաց, որ քննության ընթացքում համալիր փորձաքննության անհրաժեշտություն է եղել, որին մասնակցել են նաև գիտնականներ. «Դրանից հետո, նկատի ունենալով այն հագամանքը, որ Լիդիանի կողմից հետազոտությունները իրականացվել էին հեղինակավոր կազմակերպությունների կողմից, խնդիր կար, որ փորձաքննությունը կատարի նրանց չզիջող միջազգային կառույցի կողմից: Մրցույթի արդյունքում հաղթեց Էլարդ ընկերությունը»:

Մրցութային հանձնաժողովը որոշել է նախապատվությունը տալ ընկերությանը, որը որևէ կերպ շահերի բախում չէր ունենա և գործունեություն իրականացրած չէր լինի Հայաստանում. «Դրանից հետո Էլարդի և ՔԿ-ի միջև համապատասխան պայմանագիր ստորագրվեց: Փորձագետներին տրամադրվել են բոլոր ելակետային տեղեկությունները, որպեսզի նրանք կարողանան լիարժեք եզրակացություն անել: Փորձագետները հաստատել են փաստը, որ բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իրենց տրամարդվել է»:

Իվանյանը ապա հիշեցրեց եզրակացության կարևոր կետերը, որ ծրագրի տարածքի ջրերը կապ չունեն Ջերմուկի ջրերի, Սևանի, Կեչուտի ջրամբարի հետ: Նույնիսկ երկրաշարժի դեպքում վտանգ չկա: Նույնիսկ եթե ջրերը հասնեն Սևան, դրանց ազդեցությունը էական, չափելի չի լինի:

Փորձագետների գնահատմամբ, Լիդիանի կողմից մեղմման միջոցները ողջամիտ են և համապատասխան: Միևնույն ժամանակ փորձագետները 16 լրացուցիչր միջոցառումներ են առաջարկել, որոնց կատարման դեպքում բնապահպանական ռիսկերը ջրային ռեսուրսների վրա կլինեն կառավարելի: 16 կետերից 10-ը Լիդիանը մինչ այդ արդեն նախատեսած է եղել:

Փորձագետները գնատահել են նաև կենսաբազմազանության հանգամանքը, դրա կառավարումը և օդի որակի կառավարումը. «Նրանք եկել են եզրահանգման, որ որևէ խախտում չի արձանագրվել: Չեն հիմնավորվել մտահոգությունները, որ փոշին կհասնի հարակից բնակավայրեր: Փորձագետները եկել են եզրահանգման, որ օդի որակը կառավարելի է»:

Իվանյանի խոսքերով, չնայած փորձաքննության եզրակացության մեջ նշվում են մի շարք թերություններ, բացթողումներ, եզրակաացությունը պետք է գնահատել ընդհանուր համատեքստի մեջ և ելնել հետևյալ եզրահանգումից՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի՞ են, թե՝ ոչ, շրջակա միջավայրին վտանգ սպառնո՞ւմ է, թե՝ ոչ. «Ըստ փորձագետների, եթե մեղմման լրացուցիչ միջացառումները ձեռնարկվեն, բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»:

Նույն շարքից