ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մեկնել են Բաքու՝ ԵԱՀԿ մշտադիտարկման ընթացքում հատելով շփման գիծը, տեղեկացնում է haqqin.az-ը՝ Turan գործակալությանը հղումով։
Գործակալությունը հարց է առաջ քաշում, թե ո՞ւմ հետ պետք է հանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Բաքվում նրանք սովորաբար հանդիպում են նախագահի և արտգործնախարարի հետ։ «Սակայն նրանք երկուսն էլ Վիետնամում են և իրենց հետ են վերցրել նաև նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովին»,- գրում է գործակալությունը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքականության համար պատասխանատու գործիչները երկրում չեն։
Ընդ որում՝ վաղը մեկնարկելու է Ալիևի պաշտոնական այցը Չինաստան։
Այդպիսով՝ պարզ չէ, թե ի՞նչ են անելու համանախագահները Բաքվում և ո՞ւմ հետ են հանդիպելու։ Այդ մասին տեղեկություն չի տրամադրել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ է նաև ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, որը փոխարինելու է Ժակ Ֆորին։